Ֆրանսիայի Սենատի նախագահը Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու կարիք է տեսնում

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լարշեն նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ, մասնավորապես Սենատը, ի՞նչ քայլեր է իրականացնում՝ Արցախի հարցի խաղաղ կարգավորման համար:

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,-ասաց Սենատի նախագահը:

Նա մտադիր է Ֆրանսիայի նախագահին ասել այն, ինչ իրեն ասել է ԱԺ նախագահն այսօր առավոտյան: Լարշեն հայտնեց, որ 2022-ի առաջին կիսամյակին ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանսիան:  «Նախագահությունը, իհարկե, ենթադրում է ավելի շատ գործադիրի գործունեություն, բայց այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու: Հարկ է նշել, որ այդ ժամանակ մենք նախատեսում ենք հենց Ֆրանսիայի Սենատում կազմակերպել համաժողով անվտանգությանը և պաշտպանությանը նվիրված և մի համաժողով, որը մենք նախապատրաստում ենք այսօրվանից»,- ասաց Սենատի նախագահը:

Ֆրանսիական պատվիրակության անդամները՝ Լարշեի գլխավորությամբ Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: