Ի՞նչ է խոսել Մոսկվայում Յուրի Խաչատուրովը, այդ հարցի պատասխանը դեռ գտնված չէ. Քոչարյանը՝ դռնփակ նիստից հետո

Մեր կատարած աշխատանքը բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ է, այսպիսի քննիչ հանձնաժողով և այսպիսի ծավալով աշխատանք ոչ մի անգամ չի իրականացվել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորների միջնորդությամբ Հանձնաժողովի զեկույցը քննվում է դռնփակ նիստում: Նա տեղեկացրեց, որ մեկ ժամ ելույթ է ունեցել, ներկայացրել զեկույցը:

Զեկույցում տեղ գտած նյութերն ու ձայնագրությունները, ըստ Քոչարյանի, շատ արժեքավոր են, որոնց այս պահին կարող են ծանոթանալ միայն իրավասություն ունեցող անձինք և մարմինները: Պատգամավորը նաև ասաց, որ հետագայում կորոշվի, թե հանրությանը զեկույցի որ մասն է ներկայացվելու:

Հանձնաժողովի նախագահը վստահ է, որ եզրակացությունը հիմք կդառնա իրավապահ մարմինների համար այդ իրադարձությունների կապակցությամբ քրեաիրավական գնահատականներ տալու: 

Հանձնաժողովը, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, կարողացել է փաստագրել շատ հարցերի պատասխաններ, եղել են նաև հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել: «Ի՞նչ է խոսել Մոսկվայում Յուրի Խաչատուրովը, այդ հարցի պատասխանը դեռ գտնված չէ: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը գա հանձնաժողով, բայց չստացվեց: Դա, կարծում եմ,  մեր հիմնական բացթողումն է, նրա չգալու մեջ կա առեղծված: Բայց այդ հարցերի պատասխաններն անկասկած գտնվելու են»,- նշեց նա: 

Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ կա՞ արդյոք կապ 2016-ի ռազմական գործողությունների և 2020-ի 44-օրյա պատերազմի միջև:     

Բացի այդ, ինչպես ասաց Քննիչ հանձնաժողովի նախագահը, իրենք մեկ տարի փորձել են հասկանալ 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները, և, ըստ նրա, դա հաջողվել է:

«Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել է Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում՝ հօգուտ Ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը գործողություններ է իրականացրել, առավելություն ունեն՝ 20 դիրք: Հարց կառաջանա. ինչո՞ւ այն ժամանակ հրադադարը ստացվեց, վերջին պատերազմում՝ ոչ, այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք», -հավելեց :