Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը վստահեցնում է, որ ՄԻՊ գրասենյակը միշտ է գործել անկաշկանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, որում պատգամավորը ՄԻՊ-ի անկաշկանդ աշխատանքը համարել էր թավշյա հեղափոխության արդյունք, կառավարող ուժի ձեռբերում:
«Տիկին Կարապետյան ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձի կողմից այդպիսի ուղերձներ հղելը: Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ- մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականի չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ-ի կողմից, որ օրինակելի կառույց է ՄԻՊ-ը»,-ասաց Թաթոյանը:
Ըստ Թաթոյանի՝ Կարապետյանի ելույթում կային բացահայտ մանիպուլյատիվ հայտարարություններ:Անդրադառնալով Կարապետյանի՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հայտարարությանը՝ ՄԻՊ-ն ասաց. « Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ մենք ԱԳՆ-ի հետ չենք աշխատել: Իմ ոչ բարոյականությունը, ոչ էլ իրավական կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս, որ ես անցնեմ ու քննարկումների գնահատականներ տամ: Մենք ամեն օր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ»,-ասաց Թաթոյանը:
Նա վստահեցրեց, որ որևէ քայլ չի անում, որը կհակասի երկրի արտաքին քաղաքականությանը: «Ես ձեզ ասում եմ, որ ադրբեջանցիները սպառնում են, ինֆորմացիա եմ տարածում, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել եմ սահմանազատում բառը, ամսի 17-ին՝ սահմանագծում բառը»,-ասաց Թաթոյանն ու առաջարկեց միասին գնալ ու նայել, թե սահմանին ինչ է կատարվում:
Մարիա Կարապետյանը ավելի վաղ իր ելույթում կարևորել էր ՄԻՊ-ի գրասենյակի կատարած փաստահավաք աշխատանքը՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործություններն ապացուցելու համար: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը Հայաստանի ժողովրդավարության ցուցիչ է՝ թավշյա հեղափոխության արդյունք և նաև այս կառավարող ուժի ձեռքբերում: Նաև ՄԻՊ-ն է հաճախ արձանագրում, որ գործում է անկաշկանդ»,-ասել էր Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի՝ ՄԻՊ-ի բովանդակային, մասնագիտական հայտարարությունների, վերլուծությունների մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:
«Սկսած դեկտեմբերի 17-ից, պարոն Թաթոյան, դուք պարբերաբար արձանագրել եք սահմանագծման և սահմանազատման մասին՝ կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում: Օրինակ դեկտեմբերի 17-ին հայտարարել եք՝ Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը՝ այդ թվում կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
Այսինքն՝ դուք ժողովրդին ասում եք, որ զայրացած են, և դա արդարացված է, քանի որ դա տեղի է ունենում սահմանազատում և սահմանագծում: Դեկտեմբերի 19-ին էլ հայտարարել եք, որ սահմանազատումների և սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ: Եվ միայն դեկտեմբերի 31-ին դուք վերջապես հրապարակել եք ԱԳՆ-ից ստացա պաշտոնական գրությունը՝ ձեր հարցմանն ի պատասխան, թեև կարող էիք շատ արագ կապ հաստատել և պարզել՝ սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենում»,-ասել էր պատգամավորը: