Մեր կողքին ապրող մարդիկ. Թամթան

Թամթա Թաթարաշվիլին

Թամթա Թաթարաշվիլին վրացի է, ամուսնացած է հայի հետ, ապրում է Երևան-Թբիլիսի-Բերդ ճանապարհներին՝ ամենուր: 

Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են, բայց եթե անգամ տարեկան վիճակագրություններին հետևենք, պարզ է դառնում, որ մեր երկրից ավելի շատ զբոսաշրջիկներ են մեկնում հարևան երկիր, քան այնտեղից գալիս մեր երկիր, և սա երբեմն պայմանավորված չէ ծովի առկայությամբ: 

– Ինձ թվում է, որ Վրաստանում մի տեսակ արմենոֆոբիա կա: Եթե մի տհաճ պատմության մեջ ես ընկնում, որում հայ է ներգրավված, չի էլ քննարկվում՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ. քավության նոխազ է դառնում հենց հայը: Ավելին ասեմ, այնտեղ շատ են մարդիկ, որոնք չգիտեն, թե որն է Հայաստանի մայրաքաղաքը: 

Թամթան հայերեն կենցաղային մակարդակում գիտի, բայց մայրաքաղաք բառը հենց հայերեն ասաց, զրույցի ընթացքում էլ հազվադեպ, բայց օգտագործում էր հայերեն բառեր: 

Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում մի նարատիվ է շրջանառվում՝ պատմական տարբեր դարաշրջաններում մենք միմյանց դավաճանել ենք: Այս կարծրատիպը հավանաբար գալիս է հենց այն բանից, որ մեզ չեն սովորեցնում քննադատական մտածողություն ձևավորել, պատմական իրողությունները քննել ու դատել, փորձել հասկանալ իրավիճակը և նոր միայն որոշում կայացնել: 

– Կծիծաղես, բայց իմ կարծիքով՝ վրացական մտածելակերպում մի թյուրընկալում կա՝ տարածաշրջանում Վրաստանը լավագույնն է, և այս երկիրը Եվրոպայի մաս է, ոչ թե՝ Կովկասյան տարածաշրջանի: Սա խանգարում է բացահայտել հարևաններին, ու մարդիկ ստիպված պատմության դրվագների վրա հիմնվելով են կարծիք կազմում: 

Թամթան մեծացել է մի շրջանում, երբ Վրաստանում ազգային փոքրամասնությունները հաճախում էին հատուկ դպրոցներ, ու երևի դա է պատճառը, որ հայ դասընկերներ չի ունեցել: Հայաստանում բավական հասուն տարիքում է եղել, երբ Ծաղկաձորում երիտասարդական հավաքի էր մասնակցում: 

– Զավեշտալի էր, որ ինքնաթիռով եկանք ու 30 րոպե անց վայրէջք կատարեցինք: Ես ժամերով Չինաստան էի թռել, ու մեկ էլ, աչքդ չթարթած՝ տեղ ես հասնում: Մասիս սարը տեսա վերևից, շատ էի տպավորվել, դա ասես լուսանկարչական կադր լիներ: 

Հիշում է տաքսու վարորդին, որը իմացավ, որ Ծաղկաձոր է գնում ու գլուխը հպարտ պահած՝ ակնարկեց, թե, հաա՜, դե ասեք՝ Շվեյցարիա եք գնում, էլի: Դասընթացից առաջ Թամթան ծանոթացավ մի աղջկա հետ, որը մտել էր դահլիճ, տեսել նրան ու մտքով էլ չէր անցկացրել, որ հայ չէ, սկսել էր հայերեն խոսել: 

– Շատ մտերմացանք Լիլիթի հետ, միշտ հիշում ենք այս պատմությունը: Նա իմ լավագույն ընկերուհին դարձավ, ու թեև հիմա չենք հասցնում հաճախակի շփվել, նա Հայաստանի հետ ասոցացվող ամենաթանկ հիշողություններից մեկն է: 

Ամուսնու հետ Թամթան ծանոթացել է Թբիլիսիում, երբ մասնակցում էր երիտասարդ գիտնականների մի ծրագրի, որի նախորդ տարվա շրջանավարտ էր Համլետը: Աչքը չէր կտրում նրանից այնքան, որ աղջիկը սկզբում մտածեց՝ «այս մարդու հետ հաստատ մի բան այն չէ, բոլոր անկյուններից ինձ է նայում»: 

– Հետո երբ սկսեցինք խոսել, շփվել, հասկացա, որ՝ չէ, նորմալ մարդ է: Անգամ վերջին օրը ես ընկա, ոտքս ոլորեցի ձյան վրա ու իմացա, որ մեկ օր շուտ է վերադարձել, շատ նեղվեցի: 

Հեռավար շփումներից որոշ ժամանակ անց որոշեցին ամուսնանալ: Թամթայի ընտանիքը դեմ չէր շփմանը այնքան ժամանակ, քանի դեռ չիմացան, որ ամուսնանում են: Մտավախություններ կային՝ կապված այլ երկիր տեղափոխվելու հետ, ոչ թե՝ հայ լինելու: 

– Ի վերջո, ես ամեն ինչ թողնում էի այնտեղ ու նոր կյանք էի սկսելու: Համլետի ծնողները Ռուսաստանում են ապրում, ու երբ նա ասել է, որ վրացուհու հետ է ուզում ամուսնանալ, ծնողները այնքան էլ ուրախ չեն եղել, ինչպես և իմ ծնողները: Բայց երբ մերոնք տեսան Համլետի մորը, այնքան սիրեցին նրան, որ ասացին՝ միայն մոր համար արժի այս տղայի հետ կյանքը կապել: 

Հարսանիքը արել են Թբիլիսիում, փոքրիկ ընտանեկան միջավայրում, իսկ եկեղեցով չեն պսակադրվել, քանի որ վրացական եկեղեցին, ինչպես և հայկականը, չեն ընդունում ոչ իրենց եկեղեցու հետևորդի հետ ամուսնությունը: 

Թամթան միայն հետո հասկացավ, թե իսկապես ինչ դժվար է օտար երկրում՝ որքան էլ երկրների մտածողությունը, անցած ճանապարհը գուցե նման են շատ: Դժվարություններից մեկը հայերեն սովորելն էր, որովհետև այբուբենը ամբողջությամբ տարբերվում է: Քաղաքում ինքնուրույն տեղաշարժվելու համար պետք էր հայերեն կարդալ սովորել, որովհետև 2011-2012 թվականներին դեռ անգլերեն ուղղորդող տեքստեր չկային կամ սակավաթիվ էին: 

– Երբ դու քո երկրում ես, մի բան դուրդ չեկավ, հանգիստ արտահայտվում ես: Բաներ կան, որ և՛ Թբիլիսում են ինձ նյարդայնացնում, և՛ այստեղ, բայց եթե այնտեղ կարող եմ մեքենան սխալ կայանած մարդու հետ հանգիստ կռիվ անել կամ զանգել ոստիկանություն, հայերենին այնքան լավ չեմ տիրապետում, որ հարցեր պարզեմ: 

44-օրյա պատերազմի ժամանակ Թամթան սոցհարթակներում գրառումներ էր անում, որը միշտ չէ, որ գաղափարական առումով համընկնում էր հայ ընկերների կարծիքին: Այդ ընթացքում աղջկա հետ գտնվում էր Թբիլիսիում, և ֆեյսբուքյան ընկերներից շատերը հանդիմանում էին՝ դու ո՞վ ես, որ խոսես այդ թեմայով: Բայց նա մեր երկրում ապրում է արդեն 10 տարի. մի՞թե դա բավարար ժամանակ չէ խոսելու, արտահայտվելու իրավունք ունենալու համար: 

– Երբեմն անառողջ միլիտարիզմի դրսևորումներ եմ նկատում, արտահայտվում եմ, ես էլ եմ ծնող ու հասկանում եմ ամեն բան: Մեր տան մոտ դպրոց կա, Անկախության օրը երեխայիս հետ զբոսնում էինք, տեսա, որ դպրոցահասակ երեխաները, զենքերը ձեռքերին, քայլում են: Նման բաներ որ տեսնում եմ, չեմ կարողանում լռել, գրառումներ եմ անում, որը ոչ բոլորն են հասկանում ու սկսում են կտրուկ հանդիմանել: 

Ընտանեկան հարաբերություններում մտածելակերպի տարբերությունները հարթում են զրուցելով, իրար հետ քննարկելով ամեն բան: Սա կապված չէ վրացականի և հայկականի հետ, սա ավելի շուտ ընտանիքի ստացած դաստիարակության տարբերություններ են: Համլետի հետ պայմանավորվել են, որ երեխայի հետ Թամթան խոսում է վրացերեն, ինքը՝ հայերեն: Աղջիկը մեկ տարի Թբիլիսիում է դպրոց գնացել, հիմա արդեն Հայաստանում է հաճախում, ծանոթանում է մշակույթին, սովորույթներին, իսկ վրացական կողմը բացահայտում է մոր միջոցով: 

– Նա ութ տարեկան է ու արդեն սովորույթի ուժով գիտի, թե ում հետ ինչ լեզվով է խոսելու, այնպես որ, դրա հետ կապված խնդիրներ չենք ունենում: Վրացերենն իմ մայրենի լեզուն է, այն ինձ համար չափազանց կարևոր է ամբողջական շփման տեսանկյունից: Իմ աղջկա հետ ես չեմ ուզում կիսատ-պռատ խոսել, ես ուզում եմ, որ նա լեզվամտածողություն ձևավորելով՝ հասկանա լեզուն, ինքնաճանաչման հասնի: 

Հայաստանում առաջին անգամ տեսել է, թե ինչպես է ուղևորը նստատեղը կիսում մյուսի հետ: Սա շատ բան է ասում մարդու նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին: Թամթան գտնում է, որ Վրաստանում մարդիկ այնքան էլ բարեհամբույր չեն միմյանց նկատմամբ, իսկ Հայաստանում փորձում են օգնել, թեև հայ ընկերները վստահեցնում են, որ տարբեր մշակութային շերտերի ի հայտ գալը քաղաքի մեծանալուն զուգընթաց ամեն բան կփոխի: 

– Հետխորհրդային ժողովուրդներին բնորոշ է օրենքը շրջանցելը՝ օրենքին հետևելը համարելով թույլ մարդ լինելու նշան: Իմ երկրում շատ են շրջանցում օրենքը, կանոնները վրացիների համար չեն: Հայաստանում մարդիկ սկսել են փորձել ավելի հետևողական լինել, բացի այդ, հասարակությունն այնքան պատրաստակամ է օգնելու, որ այստեղ չես մոլորվի: 

Նա շատ սիրում է Տավուշը՝ Համլետի ծննդավայրը, որը նրան հիշեցնում է Վրաստանի մասին, ու կարոտն այդպես է առնում: Թամթան յուրատեսակ կամուրջ է, ինֆորմացիոն օղակ Հայաստանի ու Վրաստանի միջև, որովհետև նա հաճախ է գրառումներ առնում՝ սեփական փորձը հաշվի առնելով, ու սա իրազեկման յուրատեսակ ձև է: Որքան էլ տարօրինակ է, բայց մինչև աշխարհին մեր մասին պատմելը, գուցե արժի սկսել հարևանից՝ Վրաստանից, որովհետև պատմական կարծրատիպերը, որոնք գոյացել են տասնամյակների ընթացքում, երբեմն մեզ հեռացնում են իրարից այնքան, ասես աշխարհի տարբեր ծագերում լինենք: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am