ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձանց վանդալիզմի գործողությունը՝ հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ մանրամասնելով, որ  սրբապղծության հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:

«Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը:

Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների ՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:

Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար»,-ընդգծել են Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը՝ նշելով, որ  նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան ձևով `կրկնությունից խուսափելու համար:

ՀՀ դեսպանատունը հայտնում է նաև, որ  հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: