Ալիևը խոսել է Արցախ UNESCO-ի առաքելության մուտքի մասին․ Factor.am

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև կնքված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո, ամեն կերպ խոչընդոտում է UNESCO-ի առաքելության մուտքը Արցախ ու նրա գրավյալ տարածքներ, գրում է Factor.am-ը։

Հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը պարզապես ոչնչացման վտանգի տակ է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության ու այդ աշխատանքներում UNESCO-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն ու տարբեր մեղադրանքներ հնչեցնում կազմակերպության հասցեին։

Այժմ, սակայն, Բաքուն ինքն է սկսել խոսել UNESCO-ի մասին։ Թվում է ՝ Ադրբեջանը համաձայնել է կազմակերպության առաքելության՝ ադրբեջանական կողմին անցած Արցախին հարակից տարածքներ ժամանմանն ու աշխատաքներում նրանց ներգրավմանը։

Համենայնդեպս, նախօրեին «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս UNESCO-ի առաքելությունը ժամանելու է Ադրբեջան։

««Օկուպացիայի» տարիների ընթացքում UNESCO-ի առաքելություն չի եղել։ Բայց երբ ավարտվեց Ղարաբաղի երկրորդ պատերազմը, մենք սկսեցինք կազմակերպությունից դիմումներ ստանալ այդ տարածքներ այցելելու համար։ Հիմա մենք գտնվում ենք նրանց ժամանման բանակցությունների վերջին փուլում»,- ասել է Ալիևը։

UNESCO-ի առաքելության հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։ Նա նշել է, որ «հայկական սփյուռքի ու նրա հովանավորների ներքո UNESCO-ն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում տարածաշրջան առաքելություն ուղարկելու հարցում»։

«Չնայած նրան, որ մեր կողմից նշվել է, որ սկզբնական փուլում առաքելության իրականացման համար անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցերը, մասնավորապես, տարածքների ականազերծման հետ կապված, հաղորդվել է ոչ բարենպաստ եղանակային պայմանների մասին, կողմնակալ վերաբերմունքը պահպանվել է։ Տարածքներում իրականացվել են անվտանգության որոշակի միջոցառումներ, և մեր երկիրը պատրաստ է ընդունելու UNESCO-ի առաքելությունը»,- ասել է Քերիմովը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում