ԼՂՀ օդային տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը փայլուն հաջողություն է գնահատվում

ԼՂՀ օդային տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը փայլուն հաջողություն է գնահատվում
ԼՂՀ օդային տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը փայլուն հաջողություն է գնահատվում

Ադրբեջանական կողմը հերքում է, որ անօդաչու հետախուզական սարքն իրեն է պատկանում, սակայն միջադեպն ինքնին ուշադրությունը հրավիրում է սառեցված հակամարտության պայմաններում պաշտպանության համակարգերի հզորացման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի կործանումը Ղարաբաղում հակաօդային պաշտպանության փայլուն արտացոլում են դիտարկում` հայտարարելով, որ ԼՂՀ զինված ուժերի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ետ մղել ադրբեջանական կողմից ցանկացած հարձակում:

Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով, անօդաչու հետախուզական սարքերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը համալրում եւ արդիականացնում է իր պաշտպանության համակարգերը եւ չի վարանում օգտագործել դրանք:

Այնուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հերքել է անօդաչու հետախուզական սարքի պատկանելությունը ադրբեջանական կողմին:

Սակայն ո´չ Ղարաբաղում, ո´չ էլ Հայաստանում չեն կասկածում, որ սեպտեմբերի 12-ին Վազգենաշեն գյուղի շրջակայքում հայտնաբերված ոչնչացված անօդաչու սարքը ադրբեջանական կողմին էր պատկանում: Անօդաչու հետախուզական սարքը ոչնչացվել էր ԼՂ օդային տարածքում` ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերը բաժանող սահմանային գծից տասը կիլոմետր հեռավորության վրա:

ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կոչ է անում միջազգային հանրությանը իրականացնել նոր քայլեր` Ադրբեջանի ագրեսիվ քայլերը կասեցնելու ուղղությամբ:

«Եթե մեր բանակը փոքր-ինչ թույլ լիներ, հակառակորդը վաղուց հարձակում գործած կլիներ եւ կսկսեր լայնածավալ գործողություններ», – նշում է Բաբայանը եւ ավելացնում, որ վերջին տարիներին հակառակորդի կողմից խախտումները ոչ միայն ավելի հաճախակի են դարձել, այլ նաեւ որակապես փոխվել են:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՊԲ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ Վիտալի Բալասանյանի խոսքերով, ադրբեջանական անօդաչու սարքը նորություն չէ ԼՂ օդային տարածքում:

«Պատերազմական գործողություններից շատ ժամանակ չանցած անծանոթ օբյեկտեր հաճախ են հայտնվել ԼՂ օդային տարածքում: Բայց, քանի որ մեր հակաօդային պաշտպանությունը շատ ուժեղ է, մեզ միշտ էլ հաջողվել է ցանկացած օբյեկտ ֆիքսել եւ անհրաժեշտության դեպքում ոչնչացնել», – ասում է Բալասանյանը:

1980-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման համար պայքար սկսեց, որը վերածվեց պատերազմի: Արդյունքում`Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները հայտնվեցին հայկական ուժերի վերահսկողության ներքո, իսկ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ վերածվեցին փախստականների:

Կողմերը մինչ օրս չեն կարողանում վերջնական համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ: 1994-ին կնքված զինադադարով պատերազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն, զինադադարի խախտումներ սահմանային գծում արձանագրվում են պարբերաբար:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տվյալները չի հրապարակում, թե քանի անօդաչու սարք է ոչնչացրել հայկական կողմը: Պաշտոնական աղբյուրը նպատակահարմար չի գտնում նաեւ հայտնել, թե ինչպես են ոչնչացվում այդ սարքերը եւ ինչի միջոցով:

Ղարաբաղի զինված ուժերի կողմից հրապարակված տեսագրության մեջ միայն երեւում են ոչնչացված անօդաչու հետազոտող սարքի մնացորդները, որոնք սփռվել են գետնին: Սարքի վրա նույնականացման նշանների բացակայության պատճառով թուրքական լրատվամիջոցներում ենթադրություններ էին հնչեցվում, որ անօդաչու սարքը իրականում Ադրբեջանին չէր պատկանում:

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւը իր հերթին տարակուսում է, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները պարզապես չեն ընդունում, որ անօդաչու հետախուզական սարքն իսկապես ադրբեջանական կողմին էր պատկանում: Այն ենթադրությունները, որ սարքը կարող էր մեկ այլ երկրին պատկանել, նրա խոսքերով, ավելի մտահոգիչ են, քանի որ դա նշանակում է, որ «սահմանային գծի երկայնքով անհայտ ծագման անօդաչու սարքեր են թռչում, եւ մեր հակաօդային պաշտպանությունը եւ զինված ուժերը վատ աշխատանք են կատարում»:

Ալիեւը նաեւ հերքում է այն լուրերը, թե անօդաչու հետախուզական սարքը երրորդ երկրի կողմից էր ուղարկված`պարզաբանելով, որ «սարքի գործունեության շառավիղը հաշվի առնելով` Թուրքիային կամ Ռուսաստանին նրա պատկանելության հնարավորությունը հավասար է զրոյի»:

Ադրբեջանի նավթային արդյունաբերությունից ստացված եկամուտների հաշվին մեծանում է երկրի ռազմական բյուջեն` կազմելով տարեկան 3,3 միլիարդ դոլար: «Doktrina» հետազոտական լրագրության կենտրոնի տվյալներով` ռազմական բյուջեի հատկացումները հիմնականում ծախսվում են սպառազինությունների նոր համակարգերի, այդ թվում` անօդաչու սարքերի ձեռքբերման վրա: «Doktrina»-ի իրականացրած ուսումնասիրության համաձայն` ադրբեջանական կողմը ներկայում 30 անօդաչու սարք ունի, մինչդեռ Հայաստանը` 6:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկի խոսքերով` պետությունը իսրայելական արտադրության «Հերմես 450» մի շարք անօդաչու սարքեր է ձեռքբերել: «Դրանք բարձրակարգ ինքնաթիռներ են, որոնք կարող են ցանկացած առաջադրանք կատարել», – նշում է աղբյուրը:

Ռազմական ծախսերի առումով Բաքվի հետ չեն կարող մրցել ո´չ Ղարաբաղը, ո´չ Հայաստանը: Սակայն ռազմական հոգեբան, պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը նշում է, որ այս դեպքում Հայաստանն առաջնորդվում է «ասիմետրիկ պատասխանի ռազմավարությամբ», որն ավելի «հեռանկարային է»:

«Դա նշանակում է, որ եթե մենք Ադրբեջանի քայլերին սիմետրիկ քայլեր չենք կատարում, ասենք` չենք գնում նույն քանակով տանկեր, քանի որ չունենք համապատասխան ռեսուրս, ապա գնում ենք ասիմետրիկ պատասխանի ճանապարհով, այսինքն` ձեռք ենք բերում այնպիսի զինատեսակներ, որոնք չեզոքացնելու են Ադրբեջանի քանակական առավելությունը», – ասում է Ջամալյանը` համարելով այս ռազմավարությունն առավել «արդյունավետ»:

Գեներալ Բալասանյանն իր հերթին նշում է. «Մենք կարողացանք հանպատրաստից պարտադրված պատերազմ հաղթել, այն էլ մի երկրի դեմ, որը, ունենալով բոլոր տեխնիկական հնարավորությունները, ունենալով ամեն ինչ, ոչ մի զենք չխնայեց մեր դեմ օգտագործելու համար, բայց պարտվեց: Այսօր, բնականաբար, նույնպես կհաղթենք, քանի որ ունենք կանոնավոր բանակ, ունենք բոլոր տեխնիկական հնարավորությունները, եւ ունենք պետություն` այն էլ երկուսը»:

Մինչդեռ ԼՂ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը նույնքան վստահ չէ.

«Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում պատերազմ սկսելու իր ցանկությունը: Ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվում են զենք-զինամթերքի ձեռքբերմամբ, որի ծախսերն էլ կազմում են Ադրբեջանի բյուջեի քսան տոկոսը: Դիպուկահարների ակտիվությունը, հետախուզական անօդաչու սարքերը հենց այդ քաղաքականության դրսեւորումն են»:

 

Լուսինե Մուսայելյան

Գայանե Աբրահամյան

Ջասուր Սումերենլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)