ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հայտարարությունը կարող է ստեղծել քաոսային իրավիճակ. ՀՀ ճարտարապետների պալատ

ՀՀ ճարտարապետների պալատի հայտարարությունը
ՀՀ ճարտարապետների պալատի հայտարարությունը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն սույն թվականի հունվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվել է. «Եթե կառուցապատողը տեղական ինքնակառավարման մարմնին կառուցապատման նպատակով ներկայացրել է քաղաքաշինական փաստաթղթեր, որոնցում առկա է միայն ճարտարապետական մասը կամ կոնստրուկտորական մասը (կամ երկուսը միասին), ապա սահմանված դեպքերում և կարգով բավարար է ներկայացնել նրանց վերաբերյալ դրական փորձաքննության եզրակացությունը: Ուստի «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ճարտարապետների պալատի կողմից տրվող արտոնագրի առկայությունը կամ բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ շինարարության թույլտվության տրման կամ մերժման համար:»

ՀՀ ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող կազմակերպությունը, որպես «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով շրջանակում ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար պատասխանատու մարմին, անթույլատրելի է համարում նման հայտարարությունը, որը կարող է ստեղծել քաոսային իրավիճակ նախագծման և կառուցապատման գործընթացներում։

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների (հոդված 24, կետ 2) կառավարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, պետք է ապահովեր քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը նշված օրենքով սահմանված պահանջներին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, որպես քաղաքաշինության ոլորտում ՀՀ կառավարության պետական լիազոր մարմին, ձախողելով իր անմիջական պարտականությունների կատարումը, փորձում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրել ՀՀ ճարտարապետների պալատին՝ միաժամանակ փորձելով նաև վարկաբեկել կայացման փուլում գտնվող ինքնակարգավորման ինստիտուտը։

Մինչդեռ այդ ինստիտուտի և առհասարակ արտոնագրման գործընթացի ներմուծումը նախեւառաջ նպատակ ունի բարձրացնել ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների անհատական պատասխանատվությունը՝ մեր քաղաքացիների համար որակյալ և անվտանգ կենսամիջավայր ստեղծելու գործում։

ՀՀ ճարտարապետների պալատը կոչ է անում բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին և Երեւանի քաղաքապետարանին չանսալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի վերոնշյալ հայտարարությանը և օրենսդրության համաձայն կառուցապատման նախագծային փաստաթղթերի (քաղաքաշինական փաստաթղթերի) համաձայնեցման համար պահանջել ՀՀ ճարտարապետների պալատի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահների ստորագրությամբ վավերացված ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրերի պատճեները, որպես տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Իսկ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը առանձին կարգավորված գործընթաց է և վերը նշված իրավունքի ճանաչմանը փոխարինել չի կարող:

ՀՀ ճարտարապետների պալատ