ՀՔԾ պետի դուստրը նշված կազմակերպությունում չի աշխատել․ պարզաբանում

Նախօրեին լրատվամիջոցներով տարածվել է Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված տվյալներով` նրա դուստրը` Սիլիվիա Խաչատրյանը, սկսել է աշխատել 2020 թվականից, մինչդեռ, ըստ Ա. Կարապետյանի «ունեցած տեղեկությունների», հայտարարագրում իբր բացակայում է Սասուն Խաչատրյանի դստեր` մինչև 2020 թվականը Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի անդամ-կազմակերպությունում աշխատելու փաստը:

Այդ մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հատուկ քննչական ծառայության պետի դուստրը նշված կազմակերպությունում չի աշխատել, այլ ընդամենը հաճախել է պրակտիկայի, որի դիմաց որևէ վարձատրություն չի ստացել:

Ավելին` հետաքրքված անձինք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հիշյալ կազմակերպություն և այդ մասին ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն, իսկ վերը նշված ֆեյսբուքյան օգտատիրոջը և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված տեղեկություններ տարածելուց: