Պատերազմում աշխարհազորի ձախողման պատճառները` ըստ «Ինքնիշխան Հայաստանի» և դրա կատարելագործման առաջարկը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, որը ևս ԱԺ ընտրություններին մասնակցության համար ԿԸՀ է դիմել, ներկայացրել է արցախյան պատերազմում աշխարհազորի ձախողման պատճառները և աշխարհազորի կատարելագործման մեր առաջարկը։

Կուսակցության համառոտ նկարագրությունը ներկայացնում ենք ստորև.

Ձախողման պատճառները.

1. Անկազմակերպվածությունը,

2. Տեղանքի չիմացությունը,

3. Միմյանց չճանաչելը,

4. Անծանոթ հրամկազմը,

5. Ոչ մասնագիտական հավաքագրումը:

Պատերազմի ժամանակ կազմավորվում էին վաշտեր, որտեղ ճնշող մեծամասնությունը միմյանց չէր ճանաչում (բանակը կենդանի օրգանիզմ է, ուստի զորքերի ներդաշնակումը պարտադիր է)։ Աշխարհազորը տեղակայում էին իրենց համար անծանոթ տեղանքում, որը և առաջացնում էր լրացուցիչ խնդիրներ, գծային պաշտպանության ժամանակ նոր համալրված զորքը բացազատվում էր մեծ տարածության վրա, որը նոր նշանակված հրամկազմի համար կապի համակարգերի գրեթե բացակայության պայմաններում   խնդիրներ էր առաջացնում բացազատված զորքի կառավարման հարցում։

Վերոնշյալ խնդիրների լուծմները հետևյալներն են․

«Մեկ համայնք – մեկ մարտական դիրք»

Աշխարհազորը պետք է կազմավորվի «Մեկ համայնք – մեկ դիրք» սկզբունքով։ ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով տեղակայված յուրաքանչյուր մարտական դիրք պետք է զբաղեցնի մեկ համայնք, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքը պետք է կցված լինի նշված մարզի որևէ դիրքի, որպեսզի արտակարգ և պատերազմական իրավիճակներում իմանա իր մարտական խնդիրը տվյալ դիրքում։ Սրանով լուծվում են մի քանի խնդիրներ, մասնավորապես, դիրքի անձնակազմը ծանոթ է լինում մեկը մյուսին, տիրապետում է տեղանքին, աջ և ձախ հարևաններին, դիմացը տեղակայված հակառակորդի դիրքերին, թիկունքում գտնվող երկրորդ և երրորդ բնագծերին և նմանատիպ այլ խնդիրների։ Համայնքը ունենում է մեկը մյուսին փոխարինող հերթափոխ, որը տարին մեկ անգամ պարտադիր պետք է իրականացնի հերթափոխ, ինչը և դիրքապահ զորքին հնարավորություն կտա հանգստանալու և մասնակցելու մեկամսյա դասընթացների։ Իրենց անձնական անվտանգության համար կկատարեն ամրաշինական – ինժեներական աշխատանքներ։ Նշված համայնքից աշխարհազոր զորակոչված անդամները կօգտվեն մի շարք արտոնություններից և կվարձատրվեն։  Այս տարբերակը վերաբերում է միայն դիրքային ծառայությանը։ Այդ անձնակազմում չեն կարող ներգրավվել զինվորական ծառայության մասնագիտություն ձեռք բերած անձինք, որոնց համար տարին մեկ անգամ կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ՝ ըստ իրենց մասնագիտացումների։

Առաջարկվում է բանակում ստեղծել ժամկետային զինծառայողներից կազմավորված հատուկ նշանակության ստորաբաժանում։ Ինչու՞ ժամկետային զինծառայողներից, որովհետև այդ ստորաբաժանումներում լինելու են հետախուզական խմբեր, որոնց անձնակազմը ներդաշնակված է լինելու։ Սույն ստորաբաժանումները տարին մեկ անգամ նույն կազմով պետք է մասնակցեն մասնագիտական զորախաղերի։ Վերջիններս ազատված են լինելու աշխարհազորի կազմում դիրքապահ ծառայությունից, մարտական գործողությունների ընթացքում ներգրավվելու են որպես հատուկ պատրաստված պահեստազոր, ուստի աչքի են ընկնելու իրենց   կազմակերպվածությամբ և բարձր մարտունակությամբ, քան 44-օրյա պատերազմի ժամանակ»։

Կուսակցությունն ընդգծում է` այս առաջարկը պատրաստ է քննարկել համապատասխան մարմինների ներկայացուցիչների, մասնագիտական խմբերի, քաղաքական ուժերի և այլ շահագրգիռ խմբերի հետ։