«Անմիջապես մեր սահմանի վրա դիտակետ են դրել»․ Տեղ համայնքի մոտակայքում միջադեպ է գրանցվել. Factor.am

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում մայիսի 30-ին միջադեպ է գրանցվել ադրբեջանցի զինծառայողների և հայ հովիվների միջև։ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ադրբեջանցի զինծառայողները հայ հովիվներից պահանջել են անասունները չարածեցնել Հայաստանի ինքնիշխան տարածքում և սպառնացել են նրանց։

«Առավոտյան հովիվը տարել է անասուններն արածեցնելու, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերում կանգնած ձայն են տվել՝ մի՛ բերեք, մի՛ մոտեցրեք մեր դիրքերին։ Իրենք իրենց դիրքերից են գոռգոռում, մերոնք՝ մեր»,- նշեց Շադունցը։ Հարցին՝ ում տարածքում է եղել արոտավայրը, Շադունցն ասաց՝ մեր տարածքում, սակայն ադրբեջանցիները եկել, հենց այդ սահմանի վրա դիտակետ են դրել։

«Անմիջապես մեր սահմանի վրա դիտակետ են դրել ու փորձում են այնպես անել, որ սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա դա էլ լինի իրենց դիտարկման ներքո և չթողնեն, որ անասունները մոտենան այդ տարածքներին։ Մերոնք էլ գիտեն՝ տարածքը մերն է, ես էլ ասում եմ՝ տարե՛ք, արածեցրե՛ք»,- ընդգծեց համայնքապետը։

Հարցին, թե միջադեպի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից արձագանք եղե՞լ է, համայնքապետը պատասխանեց, որ միջադեպերը սովորական են դարձել, հայ հովիվներն էլ զենք կրելու և պահելու իրավունք ունեն ու նման դեպքերում կարող են ինքնապաշտպանվել։

Նշենք, որ վերջին շրջանում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպերը հաճախակի բնույթ են կրում։ Factor.am-ը փորձեց միջադեպի հետ կապված մեկնաբանություն ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։