Ապագա բժիշկը կամավորագրվել է՝ զոհված հոր գործը շարունակելու համար

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ապագա բժիշկ Մենուա Մուրադյանը կամավորագրվել է՝ զոհված հոր գործը շարունակելու համար։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մենուա Մուրադյանը ծնունդով Դսեղ գյուղից է: Սեպտեմբերի 27-ին պատերազմի մասին լուրն իմացել է եղբորից՝ մանագիտությամբ վնասվածքաբան Ռազմիկ Մուրադյանից, որը պատերազմի ժամանակ գտնվել է ամենաթեժ կետերում՝ Կարմիր շուկայում և Մեխակավանում:

«Եղբայրս, երբ տնից դուրս եկավ, Արցախ մեկնելու համար, ես նրա հետ չգնացի: Գնացի զինկոմիսարիատ, երեկոյան արդեն մեկնեցինք Խոջալու, ավելի ուշ՝ Մարտակերտ: Կռիվ եմ գնացել՝ որպես զինվոր, այնտեղ մնացել եմ մինչև նոյեմբերի 11-ը»,-նշում է ապագա բժիշկ Մենուա Մուրադյանը:

Նրանց ջոկատը ևս պայքարել է թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ: Հակառակորդը թիրախավորել է նաև իրենց մարտական հենակետը, որի հետևանքով ունեցել են զոհեր ու վիրավորներ:

«Մեր օգնությունն այն էր, որ վիրավորներին արագ շտապօգնության մեքենայով տեղափոխենք հոսպիտալ, հրետակոծությունների տակ շատ բան անել չէինք կարողանում. բուժօգնության անհրաժեշտ պարագաներն անհնար էր արագ գտնել մթության, փոշու ամպի, չընդհատվող ռմբակոծությունների պատճառներով, հետևաբար մեր ամենակարևոր խնդիրը վիրավորներին արագ տարհանելն էր, հետո՝ պատսպարվելը»,-պատմում է Մենուա Մուրադյանը:

Ապագա բժիշկը խոստովանում է, որ չէր կարող Արցախ չմեկնել. եղբայրները հոգու պարտք ունեին՝ շարունակելու 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմում զոհված հոր՝ Արթուր Մուրադյանի հիշատակի առաջ:

«Հայրս զոհվել է Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ: Ցավոք, նա ինձ չի տեսել, զոհվել է իմ ծննդից երկու ամիս առաջ: Պատերազմի ժամանակ ես ու եղբայրս ևս մեկ մտածմունք ունեինք՝ մեր հայրենիքի պաշտպանությունը և հայրիկի շիրմին այցելելու իրավունքը:

Ամենածանր օրերից էր, երբ թշնամին ինտենսիվ արկեր էր նետում մեր ուղղությամբ: Նահանջի մասին խոսք լինել չէր կարող, բայց, այնուամենայիվ, կար անհանգստություն: Երբ Խոջալուից տեսա Ստեփանակերտի հռթիռակոծումը, այդ օրը երբեք չեմ մոռանա. նայում ես ու ոչինչ չես կարող փոխել: Ամենացավոտն այդ անկարողությունն էր…: Ես վաշտի սանհրահանգիչն էի: Որքանով տեղյակ եմ՝ մեր պաշտպանած մարտական դիրքերն այժմ հայկական ուժերի վերահսկողության տակ են:

Շատ կցանկանայի, որ հաղթանակով վերադառնայինք. հայ ազգն իր պատմության ընթացքում շատ է պայքարել: Ու, թեև մեր կռիվը բազմապատիկ ավելի ադրբեջանաթուրքական զորքերի դեմ էր, բայց վստահ էինք, որ հայրենիքի փրկության համար մեզնից յուրաքանչյուրը փորձում էր անել առավելագույնը՝ չնայած բաներ կային, որ մեր ուժերից վեր էին:

ԱԹՍ-ներին կամ կործանիչներին «քարով» չես խփի, սակայն դրան զուգահեռ, մեր զինծառայողները ջանք չէին խնայում իրենց առջև դրված մարտական խնդիրը լավագույնս լուծելու համար: Անգամ տեխնիկական որոշ խնդիրների դեպքում ու ծանր պայմաններում շատերի խիզախությունը կարող էր զարմացնել, հպարտ եմ մեր թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայողներով»,-նշում է բժշկական մայր բուհի ուսանողը:

Մենուա Մուրադյանը որոշել է գնալ եղբոր ընտրած ուղով՝ ընտրելով վնասվածքաբանի մասնագիտությունը»։