Փաշինյանի օրոք ռազմական ծախսերն ավելացել են ոչ թե 48, այլ 26 տոկոսով․ FIP.am

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Պաշտպանական բյուջեն մենք 18-ից 20 թվականի ընթացքում ավելացրել ենք 48 տոկոսով՝ 63 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր իշխանության տարիներին պաշտպանության բյուջեն ավելացել է մոտ 50 տոկոսով։

«Պաշտպանական բյուջեն մենք 18-ից 20 թվականի ընթացքում ավելացրել ենք 48 տոկոսով՝ 63 մլրդ դրամով»,- հայտարարեց Փաշինյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված միջոցները և պարզել, որ վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Այսպես, 2017 թվականի բյուջեով ռազմական պաշտպանությանն ուղղվել էր 202 մլրդ դրամ։ Հաջորդ տարի` 2018-ին, ռազմական ծախսերն ավելացել էին 36 մլրդ դրամով կամ մոտ 18 տոկոսով՝ կազմելով շուրջ 238 մլրդ դրամ։

Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, պետական բյուջեից պաշտպանական ծախսերին հատկացվել էր մոտ 301 մլրդ դրամ, ինչը նախորդ իշխանությունների կողմից հատկացված ծախսերից ավել է ոչ թե 48, այլ 26 տոկոսով։ 2020-ին պաշտպանությանն ուղղվել է 303 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 306 մլրդ։ 

2022022382383013013033033063062017թ․2018թ․2019թ․2020թ․2021թ․050100150200250300

Ռազմական պաշտպանության ծախսերը (մլրդ դրամ)

2017-2021թթ․

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կողմից հայտարարված 63 մլրդ դրամի աճը տեղի է ունեցել 2019 թվականի բյուջեով, սակայն ինչպես նշեցինք, այդ աճը 2018-ի համեմատ ոչ թե 48 տոկոս էր, այլ 26։ 

Փաշինյանը, 48 տոկոս աճ նշելով, ամենայն հավանականությամբ, 2019-ի հատկացումը համեմատել էր 2017-ի հետ։ Սակայն հայտնի է, որ երկրի տարեկան բյուջե կազմվում ու հաստատվում է դրա նախորդող տարվա ավարտին, և փաստացի, 2018-ի բյուջեն հաստատվել էր դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք (ընդունվել է 2017 թ. դեկտեմբերին)։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ցույց տալ նախորդ իշխանությունների և իրենց՝ պաշտպանական ոլորտին արված հատկացումների տարբերությունը, ապա 2019-ը պետք է համեմատեր ոչ թե 2017-ի, այլ 2018-ի հետ, որի դեպքում, ինչպես նշեցինք, տարբերությունը կկազմեր 26 տոկոս։    

Նշենք նաև, որ 2020-ին և 2021-ին նախատեսվող ռազմական ծախսերի աճը շատ չնչին էր, համապատասխանաբար՝ 2 մլրդ և 3 մլրդ դրամ։

Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված ռազմական ծախսերի աճի մասին ցուցանիշները մանիպուլացված են ներկայացվել, և բացարձակ թվով աճն ու տոկոսային աճը այս դեպքում չեն վերաբերում նույն ժամանակահատվածին։ Ավելին՝ պաշտպանության ոլորտի ծախսերի 48 տոկոսանոց աճ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի արձանագրել։

Փաստերի ստուգման հարթակ