Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների:

Հարց.- Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Որոշ երկրներ Ֆրանսիայի այս ընկալումն օգտակար չեն համարում տարածաշրջանային կայունության տեսանկյունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան.- Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավվածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով:

Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի, որի առաքելությունը 2022 թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում: