Մեր պալատական «Ջինգլ բելսը»

Մեր պալատական «Ջինգլ բելսը»
Մեր պալատական «Ջինգլ բելսը»

Մեր «Ջինգլ Բելսն» ունենալու խոստումն ինձ հիշեցրեց 1998-ին Սերժ Սարգսյանի խոստացած «Արմենիկումը»։ Հիմա այդ «Արմենիկումը» պատրաստ է։ Երգ է, էլի։ Գուցե ավելի լավը լիներ, եթե գրվեր «ազգային» սպասումներից դուրս։ 

Բառերը մի այլ Նոր տարի չեն ստեղծում։ Երգի բառերը սովորաբար երկրորդական տեքստեր են, հատկապես փոփ երաժշտությունում։ Նրանք երաժշտության քարշակն են։ Բայց մի տեսակ թուրքական է հնչում՝ «Էն ում, աման, աման, Ամանորն է»։ Էս «աման»-ը թուրքերեն տարբեր իմաստներ ունի՝ ամոթ, սատանա, օյ։

Այդ բառը նաև նշանակում է «Աստված իմ, ոչ»։ Ասում են, որ քեզ վրա հարձակվող թուրքին եթե ասես՝ աման, հետ կքաշվի։ Կրկնում եմ, ամենասովորական մի երգ է, ոչնչով վատը չէ մյուս երգերից և ոչնչով լավը չէ։ Կարող է նույնիսկ հիթ դառնալ։ Միջին վիճակագրական մի հիթ։ Բայց, գրողը տանի, ինչու՞ պիտի Նոր տարվա մասին այս երգի բառերը ոչնչով չտարբերվեն մյուս երգերի բառերից՝ լույսեր, երազանքներ, սեր։ 

Վարչապետ Փաշինյանը պիտի հիթը, մեր «Ջինգլ բելսը» գրպանում ունենար, երբ նման բան էր խոստանում կամ հասկացնում, որ կլինի։ Նույնիսկ «Եվրատեսիլի» երգը գրելիս հիթ չեն խոստանում։ Աշխարհի ոչ մի հիթ չի գրվել հենց հիթ լինելու խոստումով։

Գուցե Բարսեղյան Ավետն ու Պապոյան Գարիկը այս երգն արդեն գրել էին։ Վարչապետը փչացրեց այն «Ջինգլ բելս» լինելու խոստումով։ Ոչ մեկը չի խոստանում, որ իր երեխան ծնվելու է որպես Էրիկ Քլեփթոն կամ Ջոն Լենոն։ Կամ՝ Ադել։ Կամ՝ Զազ։ Քարը տրաքի՝ Վալերի Լեոնտև։ Վարչապետը մարգարե է խաղում միջոցների սահմանափակ հնարավորությամբ։ Ո՞ւմ ունես ձեռքիդ տակ, որ «Ջինգլ բելսին» համարժեք գործ ես խոստանում։ Քո Նոր տարուն ի՞նչ է եղել։ 

Պարզվում է՝ երգը գրվել է քաղաքապետարանի պատվերով։ Էս «պատվեր» բառից չգիտեմ ինչ կարելի է լինել։

Արվեստի պալատականությունն է բղավում։ Ահա ինչու ոչ թե արվեստ է ծնվում, այլ՝ կլիշեներ։ Տոնածառի լույսը վառվելու է։ Կամ այս ռոքականությունը։ Մրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը, կամ Ջորջ Մայքլի ավելի էմոցիոնալ՝ Last Christmas երգը, կամ Boney M խմբի 1981-ին գրված Little Drummer Boy երգը, որի ռոքային, նույնիսկ հարդ ռոքային տարբերակը Die Roten Rosen խմբի կատարմամբ մի այլ հրաշք է, հաստատ պարզապես ծնվել են առանց հիթային հավակնությունների։

Կամ նույն Boney M-ի Christmas (Silent Night Medley) երգը։ Ե՛վ օրորոցային է, և՛ երջանիկ լինելու «մարտակոչ»։ Քաղաքապետարանն ինչո՞ւ է վարչապետին վստահեցրել, որ հեսա-հեսա մեր «Ջինգլ բելսն» ենք գրելու կամ արդեն գրել ենք։ Դուք չգիտե՞ք պատվերով ստեղծագործության ճակատագիրը, եթե երգդ գրողը Պապոյան Գարիկն է, իսկ բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։

Թողեք, թող այդ մարդիկ շարունակեն աշխատել ձեր պատվերներից հեռու։ Գուցե իսկապես տաղանդավոր մի բան էին անում։ Ինչո՞ւ եք պարտավորեցրել։ Ինչու՞ եք Սովետական Միություն խաղում։ Ինչո՞ւ եք մի ամբողջ միջին վիճակագրական հայություն դնում հայկական «Ջինգլ բելսի» ասեղի վրա։

Պետք չէ էժանացնել մարդուն իր սպասումների մեջ։ Եթե իսկապես համազգային երգ եք ուզում, գուցե ասե՞ք, թե «Մարսելյեզի» հեղինակին ո՞վ էր խնդրել գրել այդ երգը։ Մարդ, որը երգից առաջ և հետո մնաց նույնքան խեղճ մի զինվորական։ 

Երգը այլ բան է։ Նույնիսկ երեխային պլանավորում են։ Երգը թելադրվում է ոչ հորիզոնական միջավայրում։ Այլ ուղղահայաց։ Ենթադրում եմ՝ նույնիսկ Ավետ Բարսեղյանի դեպքում պիտի այդպես լինի։ Եթե այլ գրող չունեք։ Եթե այլ երաժիշտ չունեք։ Եթե այլ երգող չունեք։

Մեզ պե՞տք է «Արմենիկում»։

Թույլ տվեք՝ թող երգը ծնվի ձեզնից հեռու։ Եթե երգ գրողները չեն կարող «երկնել» առանց պատվերի, ուրեմն ցույց տվեք տարբերությունը 2018-ի ապրիլի 22-ի և հաջորդ օրվա՝ ապրիլի 23-ի միջև։ Մենք շատ ուշադիր կլսենք։ Գուցե ավելի հիթային հնչի։ Գուցե հենց այդ տարբերությունն էլ դառնա մեր «Ջինգ բելսը»։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am