Էրդողանն Ադրբեջանի Մեջլիսում խոսել է «Զանգեզուրի միջանցքի», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին.Factor


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հատուկ նիստում ելույթով է հանդես եկել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա շնորհավորել է ադրբեջանցիներին պատերազմում հաղթանակի ու Արցախն «օկուպացիայից ազատագրելու» կապակցությամբ և նշել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը։

«Ղարաբաղի «ազատագրումը» վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի ամենամեծ ձեռքբերումն է։

Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը»,- ասել է Էրդողանը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան «աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման գործում»։

«Հիմա ընթանում են բոլոր ավերված բնակավայրերի ու օբյեկտերի վերականգնման աշխատանքներ։ Մենք կկառուցենք նոր Ղարաբաղ։

Այն նախկինում ադրբեջանական մշակույթի կենտրոնն էր և շուտով  այդպիսի կենտրոն էլ կդառնա»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նաև խոսել է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծվելուն պես՝ Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը՝ անդրադառնալով նաև թուրք-ադրբեջանական հայտնի «Զանգեզուրի միջանցքի» կարևորության թեզին։

Ի դեպ, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ փաստաթուղթ չկա, որը ՀՀ-ն ստորագրել է։ «Այն հարմարավետությունը, որը կբերի «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանին, անհնար է նկարագրել:

Երկաթուղով, որը կսկսի գործել Զանգեզուրի միջանցքի շրջանակում, հայերը կարող են հեշտությամբ հասնել Մոսկվա և աշխարհի այլ մասեր՝ այդպիսով ազատվելով մեկուսացումից, որի մեջ իրենք իրենց գցել են։

Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար անհամար օգուտներ կբերի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը կրկին խոսել է նաև տարածաշրջանի 6 երկրների ձևաչափի մասին՝ ասելով, որ «իր եղբայր Իլհամ Ալիևի հետ ցանկանում են ստեղծել պլատֆորմ», սակայն Վրաստանն անհամաձայնություններ ունի դրա հետ կապված։

«Ես խոսել եմ Վրաստանի վարչապետի հետ և ասել, որ դա օգտակար կլինի նաև Վրաստանի համար, եկեք անենք այդ քայլը։ Ես ասացի, որ իրենք գիտեն այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր և Հայաստանի միջև:

Բայց, չնայած այդ ամենին, մենք ուզում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրների խնդիրները լուծվեն: Նմանապես, այս պլատֆորմն օգտակար կլինի Ռուսաստանի հետ ձեր խնդիրները լուծելու համար:

Այս տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, մենք դա պետք է անենք»,- ասել է Էրդողանը։

Ի դեպ, Էրդողանը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր Իլհամ Ալիևի հետ ներկա է գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Թուրքիայի ու Ուելսի հավաքականների հանդիպմանը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը