Քաղաքացին սպառնացել է պայթեցնել առողջապահության նախարարությունը. աշխատակիցները տարհանվել են

Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Նշենք, որ նախարարությունը գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են:

Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Պարզվել է՝ ահազանգը կեղծ էր: Տարհանված աշխատակիցներին թույլ են տվել վերադառնալ իրենց աշխատասենյակներ: