Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, թե ցանկանում է հետպատերազմյան վիճակից անցում կատարել խաղաղության ամրապնդմանը և համագործակցությանը:

«Եթե Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր չունենք, դա նշանակում է, որ չկա նաև խաղաղություն: Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջեւ, այլև Հարավային Կովկասում: Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ: Մեզ պատերազմ պետք չէ»,- ասել է Ալիևը: