«Արտագաղթի միտումները սաստիկ մտահոգիչ են, եթե այսպես շարունակվի՝ տարեկան 200 հազարի հասնող արտագաղթի հոսք կունենա Հայաստանը». Գագիկ Եգանյան

Միգրացիոն գործակալության նախկին պետ, միգրացիոն հարցերով փորձագետ Գագիկ Եգանյանը Հայաստանում արտագաղթի տեմպերը «սաստիկ մտահոգիչ» է համարում: Նման եզրահանգման Եգանյանը եկել է՝ ուսումնասիրելով այս տարվա առաջին կիսամյակի ուղևորահոսքի տվյալները:

«Երբ տեսնում ես, որ ուղևորահոսքերի տարբերությունը բացասական է, այսինքն՝ մեկնողներն են միշտ շատ, ապա կարելի է բավականին ճշգրտությամբ եզրակացնել, որ, այո՛, Հայաստանում գերիշխում են արտագաղթելու տրամադրությունները: Իսկ ուղևորահոսքի տվյալները սաստիկ մտահոգիչ են»,- «Մեդիալաբին» ասում է Գագիկ Եգանյանը:

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 94 հազար, այսինքն՝ ՀՀ այդքան քաղաքացի Հայաստանից մեկնել է, բայց չի վերադարձել: «Նախընթաց ոչ մի տարիների ընթացքում, 20-25 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի եղել, սա շատ մտահոգիչ ցուցանիշ է: Միայն նման ցուցանիշ թերևս եղել է 1992-1994 թվականներին՝ զանգվածային արտագաղթի տարիներին: Կրկնեմ՝ բացարձակ սալդոն բացասական թվով խիստ աճել է»,- ասում է Գագիկ Եգանյանը:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի տվյալը, փորձագետը նկատում է՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս բացասական ցուցանիշը եղել կրկնակի պակաս:

Մյուս ցուցանիշը, որը Եգանյանը դարձյալ մտահոգիչ է համարում, այն է, որ Հայաստանից մեկնած 5 ուղևորից մեկը մնացել է արտերկրում և չի վերադարձել Հայաստան: «Նախկինում 30 ուղևորից մեկն էր, որ չէր վերադառնում Հայաստան: Պատկերացրեք՝ ինչ իրավիճակ է»,- ուղևորահոսքի փաստական տվյալներն է ներկայացնում Գագիկ Եգանյանը:

Այս պատկերը փորձագետը ընդամենը հետևանք է համարում, քանի որ երկրում ստեղծված իրավիճակն է քաղաքացիներին ստիպում լքել երկիրը:

«Մինչև այժմ գոյություն ունեցող պատճառներին՝ աշխատատեղերի բացակայություն, ցածր վարձատրվող աշխատատեղեր, բիզնեսի հետ կապված խնդիրներ և այլն, ավելացել է անվտանգության շատ կարևոր հարցը, ինչը որոշ քաղաքացիների համար շոշափելի գործոն է դարձել»,- խնդիրը ներկայացնում է Գագիկ Եգանյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ անտուն են մնացել և իրենց ապահովությունը որոնում են Ռուսաստանում կամ այլ երկրներում:

Նա զգուշացնում է՝ եթե արմատական փոփոխություններ չարվեն, մարդկանց ապահովության զգացումը չամրապնդվի, ապա արտագաղթի այս ծանր միտումը կշարունակվի, և Հայաստանը կունենա 1992-1994 թթ. նման իրավիճակ, երբ միլիոնավոր մարդիկ լքեցին երկիրը: Ավելին, տարբեր գնահատականների համաձայն՝ եթե այսպես շարունակվի, տարեկան 200 հազարի հասնող արտագաղթի հոսք կունենա Հայաստանը:

«Դասագրքային կանոններով բացատրեմ՝ միգրացիան տիրող իրողությունների հետևանքը կամ արձագանքն է: Կան միգրացիոն գործընթացների ձևավորման արտամղող գործոններ և կլանող գործոններ: Արտամղող, վանող գործոններն են՝ ցածր կենսամակարդակը, աշխատատեղերի բացակայությունը, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անվտանգության հետ կապված գործոնները և այլն: Այս գործոնների փունջը Հայաստանի համար, ցավոք, կա: Իսկ կլանող գործոններն են՝ բարձր վարձատրությունը, բարոյահոգեբանական լավ վիճակը, ապահովված անվտանգ մթնոլորտը»,- նշում է Եգանյանը:

Հիմնվելով ուղևորահոսքի այս տարվա առաջին կեսի տվյալների վրա՝ փորձագետը եզրակացնում է՝ Հայաստանում գերակշռում են արտամղող գործոնները, դրանք ավելի են խորացել:

Ի՞նչ պետք է անել հարցին՝ Գագիկ Եգանյանն արձագանքում է. «Երկիրը պետք է երկիր սարքել, ի՛նչ պետք է անել»:

Հարցին, թե վերընտրված իշխանությունների կողմից չի՞ նկատում «երկիրը երկիր սարքելուն» ուղղված գործողություններ, նա պատասխանում է.

«Ես ինչ կարող եմ ասել, ցուցանիշներն են խոսում այդ մասին: Թե ինչ կանեն, չեն անի, անում են, չեն անում, իմ ներկայացրած ցուցանիշները շատ խոսուն են»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am