Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ․ Ազատություն

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ, և այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաքում է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն՝ բաղկացած Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից, գրում է Ազատությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք. «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»։

14 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը։

Հայաստանյան պատվիրակության կեսից ավելին հենց Պաշտպանության նախարարությունից են, սակայն լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով նախարարության լրատվական ծառայություն «Ազատության» հեռախոսազանգերը առայժմ անպատասխան են մնացել։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկելու է այսօր։

Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Կառավարության հիմնավորմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։ Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հսկողություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ընդլայնման կամ նոր ռազմակայանի հիմնման մասին տեղեկությունները նոր չեն։ Հայտարարությունների մակարդակով այս ամսին սկսեցին խոսել 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում Մոսկվայի փաստացի անգործության պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան կարողացան հայկական Զինված ուժերին գերազանցող ուժեր կենտրոնացնել և հաջողության հասնել Արցախի ուղղությամբ։

Այս մայիսի 3-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ և՛ պատերազմից առաջ, և՛ հետո Հայաստանի արտաքին անվտանգության համակարգի հիմքում նախևառաջ ընկած է հայ-ռուսական համատեղ զորախումբը. – «Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»:

Թե հայ-ռուսական միացյալ զորախումբը և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որքանով է արդյունավետ պաշտպանում Հայաստանը, ոչ միայն ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանական զինուժը բազմիցս հարվածներ հասցրեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ թուրքական օդուժն էլ, ըստ հայկական կողմի, Հայաստանի օդային տարածքում խոցեց հայկական օդուժի Су-25 կործանիչը, այլև պատերազմից հետո, օրինակ, երբ Փաշինյանի այս ելույթից ընդամենը ինը օր անց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություննեով ներխուժեց Հայաստանի տարածք և ցայսօր հրաժարվում է հեռանալ։