Անհետ կորածների հարազատները Փաշինյանին առաջարկել են հանձնաժողով ստեղծել․ Ազատություն

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կառավարությունում հանդիպել են վարչապետի պաշտոնակատարին։ Նրանք Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի միայն անհետ կորածներով, գրում է Ազատությունը։

«Ես պահանջեցի, ասացի` պարո՛ն վարչապետ, հանձնաժողով ստեղծենք, ասաց` շատ հրաշալի գաղափար է, կստեղծենք: Ստեղծենք, մենք մեր ծնողներով այդ նյութերը որ ունենք, մարդիկ տեսաերիզ ունեն, ես Ֆեյսբուքից կոնկրետ զանգ եմ ստացել, որ իմ երեխան դեկտեմբերի 17-ին գերի է, դեկտեմբերի 20-ին մարդիկ մտել են, կոնկրետ իմ երեխուն տեսել են վիրակապված, էս մարդն ասում ա` քեզ ԴՆԹ անեմ, երեխուդ պիտի հուղարկավորենք», – ասում է անհետ կորած զինծառայողի ծնողը:

Էդիկ Արևշատյանը 18-ամյա որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 16-ին է խոսել, երբ որդին Հադրութում էր։ Կասկած չունի՝ տղան ողջ է ու գերեվարված։ ԴՆԹ թեստի առաջին պատասխանն իրեն չի համոզել. «Չի կարա տենց բան լինի, ով ուզում ա լինի` էդ երեխեքը հետ են գալու, ես պայքարելու եմ, էդ երեխեքը հետ են գալու: Կապացուցեմ ամեն ձևով, ոչ հիմա, հիմա հանձնաժողով կստեղծենք, կհասկանանք` ով է դրա մեղավորը»:

Պաշտոնական տվյալով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների թիվը 230 է. Մեծամորի, Մարտունու, Աբովյանի, Հերացու դիահերձարանների սառնարաններում 142 անանուն մարմին կա։ Որոշ ծնողներ էլ ԴՆԹ թեսթ հանձնել են, սակայն առ այսօր որևէ պատասխան չունեն: Ծնողներին չի գոհացնում կառավարության աշխատանքը։

«Իրականում ես չեմ տեսնում ոչ մի արդյունք: Եթե ես ինչ-որ մի գործ կատարում եմ և արդյունք չեմ տեսնում, ուրեմն իմ գործը սխալ եմ կատարում: Պետք է վերանայվի, պետք է հասկացվի` որտեղ եմ ես սխալներ, բացթողումներ արել, դրա հիման վրա շտկել և ստանալ արդյունք», – ասում է անհետ կորած զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը:

Առողջապահության նախարարության վերջին տվյալով՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 777 մարմին ու մասունք, 106 մարմնի և մասունքի փորձանմուշ դեռևս նույնականացման փուլում են. նմուշներից շատերը մի քանի անգամ են հետազոտվել, սակայն անձի ինքնությունը հաստատել չի հաջողվել։ Նախարարությունից «Ազատությանը» հայտնել են՝ ձեռք է բերվում պայմանավորվածություն արտասահմանյան որոշ փորձագիտական կազմակերպությունների հետ՝ վնասված և բարդ փորձանմուշները հետազոտության ուղարկելու նպատակով։