Սերժ Սարգսյանի գործով դատախազի միջնորդությունն ուղղակի խայտառակություն է. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, դիզվառելիքի գործով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական նիստին մեղադրող կողմը՝ դատախազը, հանդես եկավ մեղադրական ճառով, այնուհետև միջնորդեց Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին մեղավոր ճանաչել, բայց ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս միջնորդությունը։

– Սա ուղղակի խայտառակություն է, բայց ես հիմա չեմ ուզում այս թեմային անդրադառնալ, սա առանձին թեմա է։ Առաջարկում եմ սպասել մինչև դեկտեմբերի 28-ը՝ հաջորդ դատական նիստը, տեսնենք, թե պաշտպանական կողմն ի՛նչ դիրքորոշում է որդեգրելու, այնուհետև հանգամանալից կխոսենք։ 

– «Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար։ Բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն»,- մեջբերումը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթից է։ Նկատի ունենալով այս իշխանության հինգ տարվա գործունեությունը՝ արդարադատության ոլորտում արված բարեփոխումների ընթացքն ու արդյունքն ինչպե՞ս կգնահատեք։

– Այդ հարցերի պատասխանը տալիս է նույն ինքը Փաշինյանը՝ դառնալով իր իսկ քննադատը, ընդունելով, որ տապալել ու ձախողել են, բայց արդեն դա էլ լսելի չէ, բայց ես հասկանում եմ Փաշինյանի նկրտումներն ու մտադրությունները։ Արցախի ողբերգական իրադարձություններից հետո նա փորձում է նարատիվ փոխել հանրային ընկալման մեջ, փորձում է հանրային տրամադրությունները շրջել դեպի այսպես կոչված կոռուպցիոներներն ու հանցագործները, դրա համար սևեռվել է շատ զգայուն հարցի՝ դատաիրավական համակարգի վրա, հանրությունից ակնկալելով աջակցություն, հասկանալով հանդերձ, որ հասարակությունն այդ հարցերի նկատմամբ պահանջատեր էր։ 

Բայց Փաշինյանը մոռացել է մի երկու սկզբունքային ռազմավարական հարցի մասին, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է, հասարակությունը նրանից ակնկալում էր հանցագործներին պատժել, այսինքն՝ ոչ թե նրանից, այլ իշխանափոխությունից հետո նման ակնկալիք ուներ։ Երկրորդ կարևոր հարցն այն է, որ վարչապետը մեր հասարակությանը շատ վտանգավոր մոլորության մեջ է գցում՝ փորձելով արդարանալ: Այս մարդուն թվում է, որ օրինականության, օրենքի կիրառումը վենդետա է, հանցագործին պատժելը վենդետա չէ: 

Լրջացե՛ք, վենդետան լրիվ ուրիշ հասկացություն է, որի բացատրությունը սահմանված է, դուք որ չքմեղանում եք, թե վենդետա չեք խոստացել, ասեմ ձեզ, որ ոչ ոք ձեզանից վենդետա չի պահանջել, ձեզանից պահանջել են կիրառել օրենքը, իսկ օրենքի կիրառումը վենդետա չէ։ Այս մարդիկ պարզապես զբաղված են մանիպուլացնելով, չի կարելի ժողովրդին հիմարի տեղ դնել։ Նրանք ձախողել են ոչ միայն դատաիրավական համակարգը, այլ նաև ամբողջ պետական կառավարման համակարգը։ 

– Կոնկրետ այս ոլորտում իսկապե՞ս բարեփոխում անելն այդքան դժվար էր, հնարավոր չէ՞ր իրենց ասած այդ ներքին դիմադրությունը կոտրել։

– Մեկ վայրկյան. Գագիկ Հարությունյանին հեռացնելու գործում դիմադրություն չկա՞ր, Աղվան Հովսեփյանին աշխատանքից ազատելու գործում դիմադրություն չկա՞ր, էդ որտե՞ղ է ինքը հանդիպել դիմադրության, մեծ մանիպուլյացիա է: Ինքն ուզեցել է ինչ-որ բան փոխել ու չի՞ ստացվել, ուրեմն ավելի վատ իր համար, դա նշանակում է, որ այս իշխանությունն անընդունակ է, ինչքա՞ն կարելի է ժողովրդին հիմարի տեղ դնել։ 

Ուզում է ասել, որ իշխանությունն ուզում է ինչ-որ բան անել ու չի՞ կարողանում, ուրեմն իշխանությունն իր տեղում չէ, ուրեմն կան ոչ ֆորմալ ինստիտուտներ, որոնք ավելի ուժեղ են, քան հենց իշխանությունը: Ինքն էր, չէ՞, ասում՝ խոստանում եմ այդ դիմադրության ողնաշարը ջարդել, բա հիմա հարցրեք՝ ջարդե՞լ է այդ դիմադրությունը, ախր չի կարելի վեց տարի նույն պլաստինկայով խոսել, անլուրջ է, արդեն իսկապես հիասթափության գագաթնակետն է։ 

Քո ի՞նչ իրավունքն է խառնվել դատաիրավական գործերին, գործադիր իշխանության ղեկավարն ո՞վ է։ Ոնց որ հիմա դատական իշխանության ղեկավարը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, քիթը խոթի ու անընդհատ ասի, որ կառավարության այս նախարարը լավ չի աշխատում։ Եթե խորհրդարանական կառավարման համակարգում ենք ապրում, եկեք հստակեցնենք ամեն մեկի լիազորությունները: 

Գործադիր իշխանության ղեկավարն ո՞վ է, որ գնահատական տա դատական իշխանության գործունեությանը, ես ուղղակի ապշած եմ, դատական իշխանության ներկայացուցիչների վախկոտությունից էլ եմ ապշած, մեկը չկա՞ ասի՝ եղբա՛յր, դու ո՞վ ես, որ գնահատական ես տալիս իմ գործունեությանը, ինձ վնգստացող ես ասում, ո՞վ ես դու: Չեն ասում, դրա համար էլ ժողովրդի մեջ այդ մտածողությունն է, որ Նիկոլը երկրի թագավորն է, մեկ մարդու իշխանություն է ստեղծվել Հայաստանում, ցավոք սրտի։

– Այսօր դատական համակարգի գործերին միջամտություն կա՞, պարո՛ն Նորիկյան, դե, իշխանությունն ասում է, որ նախկինի պես հիմա դատավորներին չեն զանգում։

– Հնարավոր է՝ հիմա զանգ չլինի, այլ հաղորդագրություն լինի, տեխնոլոգիաներն են փոխվել, բայց ինչ-որ բանի փոփոխություն դուք տեսնո՞ւմ եք։ 

– Դատավորների ընտրության մասով էլ են ասում, որ նախկինի նման խնամի-ծանոթ-բարեկամ կոնցեպտը չի գործում, կադրային քաղաքականության մասո՞վ էլ փոփոխություն չեք նկատում։

– Խորհրդարանից սկսած մի հատ թող տեսնեն՝ ում բարեկամը որտե՛ղ է աշխատում։ Ես միշտ ասել եմ, որ այս իշխանությունը նախորդների տրամաբանական շարունակությունն է։ Թող մի հատ տեսնեն, թե իրենց բարեկամները, մերձավոր հարազատները որտե՛ղ են աշխատում, հետո նոր խոսեն։ Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք՝ արդյոք մենք ապրում ենք կոռուպցիայից զերծ երկրո՞ւմ, արդյոք ՀՀ դատարաններն իրականացնո՞ւմ են արդարադատություն, ու արդյոք մեր ժողովուրդը հավատո՞ւմ է դատական իշխանության անկախությանը, պատասխաններից հետո ձեր հարցերը կսպառվեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am