Ուժեղացված հսկողություն Սևանում. ջրափրկարարական աշխատանքները կկազմակերպվեն նաև դրոններով

Սևանում հուլիսի 10-ին պաշտոնապես կբացվեն հանրային լողափերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը նշեց, որ գործելու է 3 հանրային լողափ: Ընթանում են կահավորման, բարեկարգման աշխատանքներ: Լողափերը կահավորվելու են անհրաժեշտ գույքով՝ պառկելու համար նախատեսված թախտերով, հովանոցներով, խաղահրապարակներով, նստարաններով, հանդերձարաններով, աղբամաններով: Գործելու է բուժծառայություն: Մուտքն անվճար է:

«Այս տարի Հայաստանում հանգիստ կազմակերպողների թիվը մեծ է: Դեռ հանրային լողափը պաշտոնապես չենք բացել, սակայն արդեն մեծ հոսք կա: Նախորդ հանգստյան օրերին դա նկատվեց, առաջիկայում ևս, կարծում եմ, մեծ ակտիվություն է լինելու: Դրանով պայմանավորված՝ գրություններ են ուղարկվում ջրափրկարարական, բժշկական ծառայություններ ապահովող կառույցներ, ինչպես նաև ոստիկանություն, որոնք մեր ազգային պարկի աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացնելու՝ պահպանելով կարգ ու կանոն»,-ասաց Արման Աբելյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանի հանրային լողափերում ապահովում է անվտանգությունը: Այս շրջանում ջոկատն անցնում է ուժեղացված ռեժիմով ծառայության: Արդեն ավարտի փուլում են ջրափրկարարների հենակետերի ծավալման աշխատանքները՝ ներգրավելով համապատասխան գույք, տեխնիկա:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հանրային լողափերում լինելու են համապատասխան լողանշաններ, որոնցով կառանձնացվեն լողալու, ջրային տեխնիկայի վարման համար նախատեսված անվտանգ գոտիները: Այս տարի ջրափրկարարական աշխատանքներում կա նաև նորամուծություն:

«Ջրափրկարարական աշխատանքները կազմակերպվելու են նաև դրոններով: Դրանց վրա տեղադրված բարձրախոսներով նախ իրազեկման աշխատանքներ են կատարվելու: Դրանից բացի, դրոնը մի քանի կմ-ի վրա ցույց է տալիս մարդու կամ ջրային փոխադրամիջոցի առկայությունը: Մի շատ կարևոր բան ևս, դրոնով կարող ենք փրկարարական բաճկոնը կամ օղակը շատ մեծ արագությամբ տեղափոխել այն վայր, որտեղ անհրաժեշտ է»,- ասաց ջոկատի հրամանատարը:

Այս տարի աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվում ՀՀ-ում, ինչով պայմանավորված մարդկանց մեծ հոսք է սպասվում դեպի Սևան: Հատուկ ջրափրկարարական ջոկատը աշխատելու է ուժեղացված ռեժիմով, արտաժամյա: Մասնագետները հորդորում են ոչ սթափ վիճակում չմտնել ջուրը, ալկոհոլ օգտագործած վիճակում ջրային տեխնիկա չվարել: Մեծ չափաբաժնով դժվարամարս սնունդ օգտագործելուց հետո կրկին չմտնել Սևան: Խորհուրդ չի տրվում ջրային տեխնիկայից ցատկել ջուրը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխաներին, որպեսզի լիճ չմտնեն առանց մեծերի հսկողության: Լողացողներին խորհուրդ է տրվում լողանշանները չանցնել:

Արմեն Ճզմաչյանը տեղեկացրեց, որ այս տարի Սևանում լողասեզոնի ընթացքում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել, սակայն եղել են իրավիճակներ, երբ ջրափրկարարները միջամտել են, և հաջողվել է փրկել քաղաքացիներին: Քաղաքացիները հիմնականում անցել են լողանշանները և հայտնվել են ավելի խորը հատվածում, մեկ այլ դեպքում ջրային տեխնիկայի խափանման պատճառով, ալիքները, ուժեղ քամին այն քշել տարել էին ավելի խորը:

«Մեկ այլ խնդիր են հեծանիվ-նավակները,երբ գերծանրաբեռնված վիճակով վարում են, և մի փոքր ալեկոծությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ այդ նավակը շուռ գա: Հիմնականում անվտանգության կանոնները չեն պահպանվում, փրկարարական բաճկոններ չկան: Իմ խորհուրդն է՝ բոլոր լողամիջոցնեըը վարել փրկարարական բաճկոններով»,-հավելեց Արմեն Ճզմաչյանը: