ՍԴ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված որոշումն ամբողջությամբ

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է քաղաքական չորս ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված որոշումը՝ ամբողջությամբ։

Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել էին հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Բարձր դատարանը պետք է որոշեր կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Այսպիսով՝ 8-րդ գումարման խորհրդարանը կունենա հետևյալ պատկերը․ «Քաղաքացիական պայմանագիրը»  կունենա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: