Եվրոպա արբանյակի ուսումնասիրման համար նախատեսված NASA-ի զոնդը տիեզերք կուղարկի SpaceX-ը

NASA-ն SpaceX ընկերությանն է վստահել 2024 թվականին Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակի ուղեծիր Europa Clipper զոնդը հասցնելու գործը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոնդը տարբեր բարձրություններից ուսումնասիրելու է Եվրոպայի մակերևույթը: Տիեզերանավի մեկնարկը իրականացվելու է Falcon Heavy կրող հրթիռի միջոցով:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 178 մլն ԱՄՆ դոլար:

Europa Clipper զոնդը Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակի արբանյակի վրա կյանքի համար նպաստավոր պայմանների ուսումնասիրման համար հագեցած է լինելու ժամանակակից գործիքներով:

Առաքելության ընթացքում NASA-ի մասնագետները մտադիր են բարձր որակի նկարներ անել՝ հասկանալու տիեզերական մարմնի քիմիական բաղադրությունը, ուսումնասիրել երկրաբանական ակտիվությունն ու չափել արբանյակի սառցե ծածկի հաստությունը: