Անահիտ Ավանեսյանը՝ «Moderna» պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ հայտնեց «Moderna» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ հանդիպման արդյունքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը,  Ավանեսյանը Աֆեյանի հետ հանդիպումը բավականին արդյունավետ գնահատեց։

«Պարոն Աֆեյանի հետ ունեցանք  բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում։ Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող այն բանակցությունները, որոնք վարվում են ԱՄՆ-ի կառավարության հետ։ Միացյալ ջանքերի մեկտեղում պետք է լինի, որ մենք ի վերջո ունենանք այդ պատվաստանյութը ևս»,- հավելեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում պատվաստանյութի վաճառքիը, այլ դա տարբեր երկրների կառավարությունների մենաշնորհն է։

«Լիահույս ենք, որ առաջիկայում հաջողություններ կունենանք այս մասով»,- եզրափակեց Ավանեսյանը։