Ֆրանսիայի նախագահականը՝ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ներկայացնում է Ֆրանսիայի նախագահականի հաղորդագրությունը Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին.

«Հանրապետության Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է Վարչապետին վերանշանակման կապակցությամբ։

Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության Նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին #COVID19-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված:

Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում»: