Առաջին էքսպերիմենտն ենք անում աշխարհում՝ ասելով, որ մեզ պետք չէ ազգային շահը, պետք է քաղաքական թիմի շահը․ Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Քաղաքագետ Թևան Պողոսյանը անընդունելի է համարում այսօր Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Բնության օրենքներից մեկի համաձայն՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Այնպես որ, կներեք, բայց այդ քաղաքական թիմի երեք տարվա քաղաքականության հետևանքները բոլորս գիտենք․ Արցախի 75 տոկոսն է օկուպացված, Հայաստանի որոշ տարածքները ևս, էլ չասեմ երկպառակտվածությունն ու մնացած բոլոր խնդիրները»,- «Մեդիալաբին» ասում է Պողոսյանը

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին ԱԳՆ աշխատակազմին ներկայացնելիս հայտարարել էր․

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար»:

 «Հիմա, երբ երկրին պատուհասած վտանգներից հետո եթե իրենք որոշել են, որ Արտաքին գործերի նախարարությունը պետք է ոչ թե ազգային և պետական շահերով առաջնորդվի, այլ՝ իրենց քաղաքական թիմի շահերով, ինչ կարող եմ ասել»,- ասում է Թևան Պողոսյանն ու ընդգծում, որ որևէ սպասելիք այս նշանակումից և Արարատ Միրզոյանի պաշտոնավարումից պետք չէ ունենալ։

«Նորից եմ կրկնում, գումարելիների տեղերը որ փոխեմ, մեր կյանքը փոխվելու՞ է։ Որևիցե բան չկա սպասումների մասով։ Աշխարհի ցանկացած պետական ինստիտուտ առաջնորդվում է պետական-ազգային շահով։ Մենք առաջին էքսպերիմենտն ենք անում աշխարհում՝ ասելով, որ մեզ պետք չէ ազգային-պետական շահը, պետք է քաղաքական թիմի շահը»,- ասում է Թևան Պողոսյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am