Վիգեն Սարգսյան. Զոհաբերողը

Վիգեն Սարգսյան. Զոհաբերողը
Վիգեն Սարգսյան. Զոհաբերողը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Աստծո ողորմածությունը բաշխող տղա է: Այսօր նա հանդես է եկել որպես Սուրբ Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավոր:

Տեսե՞լ եք նրան Խաչը ձեռքին: Նա Խաչն իջեցնում է ապագա զորակոչիկի գլխին: Որը զենք է բռնելու: Մինչ այդ, միայն Աստված գիտի, էդ երեխան կունենա՞ անհրաժեշտ հացն ու ջուրը, որպեսզի մեծանա եւ սահման պահի, կստանա՞ համապատասխան կրթությունը, որպեսզի դառնա քաղաքացի, ոչ թե Վիգեն Սարգսյան:

Կաճի՞ այնքան, որ իր քվեի ուժը տարանջատի ընտրակաշառքից, որը բաժանում են նաեւ Վիգեն Սարգսյանի քավորությամբ: Եվ բաժանում են առանց մարդկանց կուշտ ու սոված, գրագետ կամ անգրագետ, զինակոչիկ կամ ծառայած լինելու: Քվեի մսացուներ են բոլորը, ոչ թե մարդ: Որովհետեւ ի՞նչ է անում եկեղեցին՝ նա «չաղացնում» է իր հավատացյալին ու տալիս իշխանության ձեռքը: Նույնն անում է իշխանությունը՝ նա էլ եկեղեցու համար է «չաղացնում» անհույսին ու չմխիթարվողին: Մարդիկ պասերով «ինստիտուտներ» են պահում:

Թողնենք այն, որ այս ամենն արվում է Աստծո անունից, բայց առանց Աստծո: Ի վերջո, Աստված չկա: Դա նույնիսկ չի քննարկվում: Նույնիսկ եթե կա: Որովհետեւ ի՞նչ կապ ունի Աստված:

Միայն Վիգեն Սարգսյանի խաչքավոր լինելը հերիք է, որ Աստված ինքը չուզենա էս կողմերում լինի: Բայց տեսե՞լ եք, թե ինչքան է չաղացել էդ նախկին երիտասարդը: Չկարծեք, թե «Ազգ-բանակ» կոնցեպտը չաղացնում է: Վիգեն Սարգսյանին բաժին է հասել պակաս շարժունակ մի գործ: Նույնիսկ կաթողիկոսի գործն է ավելի շարժունակ: Այն ենթադրում է արարողություններ եւ գործողություններ, որոնք ցանկացած տարիքում առողջություն եւ ֆիզիկական հնարավորություններ են ուզում: Եվ այդ իմաստով, կաթողիկոսին հազիվ բան ունենանք ասելու:

Բայց Վիգեն Սարգսյանը չաղացել է: Լցվել է: Նրա դիրքը նրա աթոռն է, իսկ զենքը՝ Սերժ Սարգսյանը: Աթոռից ու՞ր հեռանա այդ մարդը:: Անմիջապես ինքն իր աչքին դասալիք կդառնա, ախորժակը կփակվի, կյանքն իր հմայքը կկորցնի, երկինքը պակաս կապույտ կերեւա, տարվա եղանակները կկորցնեն իրենց հերթագայությունը, արագիլները սարանչաների պես անիմաստ թեւավորներ կթվան, եւ, մի խոսքով, մարդը չի տարբերի անապատը ջունգլիներից:

Իմաստ է պետք հաղորդել այդ կյանքին: Իսկ իմաստն առանց հետեւանքների չի դրսեւորվում: Աթոռն իմաստն է, հետեւանքը՝ լցվելը:

Իսկ այսօր, ի դեպ, զինվոր է մահացել: Թունավորվել է շմոլ գազից:

Անվտանգությունը հեքիաթ է, ընկերներ, եթե ապրողը Վիգեն Սարգսյանն է, իսկ մեռնողը՝ զինվորը:

Հավատը հեքիաթ է, ընկերներ, եթե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ձեռքին խաչ է, իսկ զինվորի ձեռքին՝ զենք:

Որովհետեւ եկեղեցին տերտերի հաստիք ունի, որ ապրողը ապրի: Վիգեն Սարգսյանին հոգեւորականի հագուստ հագցնելը եւ ապագա զինակոչիկի գլխին խաչ իջեցնելն ի՞նչ է՝ խաղաղության պատգա՞մ:

Էդ դեպքում հոգեւորականներն ի՞նչ գործ ունեն բանակում: Պատերազմի՞ պատգամ է: Այսինքն, թող ոչ մի զոհ չպահանջվի քեզնից բացի՞:

Ներողություն, իսկ ինչու՞ այդ զոհը դուք չեք: Դուք՝ ձեր կյանքում դեռ ոչ մի քվե չստացածներդ: Երեխան ձեր զոհն է, չէ՞:

Ձեր բոլոր նպատակների մսացուն: Որովհետեւ, միեւնույն է, գիտեք, ձեզանով այս պետությունը պետություն չի դառնալու: Այլապես արդեն դարձած կլիներ, Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին հավասար պետության կառավարման ղեկին է:

Եթե խաչքավոր լինելը պարտադիր է եւ հաստատ հոգեւոր նշանակություն ունի, ո՞վ ասեց, որ շարքային զինվորը, ասենք, ապրիլյան պատերազմի մասնակից, ավելի վատ Խաչքավոր կլիներ սուրբծննդյան պատարագում:

Ո՞վ է ստուգել՝ Վիգեն Սարգսյա՞նն է ավելի մեծ հեղինակություն, թե շարքային զինվորը, որին ամբողջ ազգն է լիազորում լինել սահմանին հանուն մեր անվտանգության:

Քրիստոսը մեռավ ամբողջ մարդկության անունից: Ինքն էր իր զոհը: Այլ զոհ չի լինում: Թող ապրի գոնե այն երեխան, որի գլխին Խաչ էր իջեցնում զոհաբերողը:

Մհեր Արշակյան

MediaLab.am