Հակամարմինների դրական թեստը երաշխիք չէ. ուսուցիչները չեն ազատում պարտավորություններից․ FIP.am

Սոցիալական ցանցերի օգտատերերը վերջին օրերին պարբերաբար տարածում են հրապարակումներ, թե ուսումնական հաստատություններում պատվաստվելու կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից կարելի է խուսափել՝ հանձնելով իմունոգլոբուլին Ջի անալիզ։

Առողջապահության նախարարությունն արդեն անդրադարձել է տեղեկությունը տարածողներին՝ նշելով, որ պնդումը ապատեղեկատվություն է։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց մանրամասն ուսումնասիրել  համացանցում տարածվող պնդումները։ 

Ի՞նչ է իմունոգլոբուլին Ջի-ն

Գոյություն ունի հակամարմինների երկու տեսակ՝ IgM (իմունոգլոբուլին Էմ), որը բարձր արդյունավետությամբ ոչնչացնում է վիրուսը, սակայն արտադրվում է վարակվելուց հետո միայն մի քանի շաբաթվա ընթացքում։ Երկրորդը՝ IgG-մ կամ իմունոգլոբուլին Ջի-ն, արտադրվում է ավելի երկար։ Առաջինի առկայությունը նշանակում է, որ անձը տվյալ պահին վարակված է, մինչդեռ իմունոգլոբուլին Ջի-ի առկայությունը ցույց է տալիս անցյալում վարակված լինելու փաստը։

Իմունիտետի, այդ թվում նաև կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության թեստավորման համար չափվում է հենց IgG-ի քանակը։ Կորոնավիրուսի դեմ հակամարմիններ կարող են ձևավորվել ինչպես նախկինում վարակված լինելու, այնպես էլ պատվաստանյութ ստանալու դեպքում։ 

Կորոնավիրուսի հակամարմինների թեստը 

Կորոնավիրուսի հակամարմինների ստուգման մի քանի տեսակի թեստեր կան, որոնք ցույց են տալիս օրգանիզմում հակամարմինների քանակը՝ հաստատելով կամ հերքելով որոշ ժամանակ առաջ կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Կորոնավիրուսի հակամարմինների իմունոգլոբուլին Ջի կամ IgG թեստի դրական պատասխանը ցույց է տալիս, թե արդյո՞ք անձը վարակված է եղել մի քանի օրից մինչև մի քանի ամիս առաջ, և արդյո՞ք պաշտպանված է կորոնավիրուսով նորից վարակվելուց։ Այս պնդումը, սակայն, միանշանակ չէ, քանի որ, ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մինչ օրս հայտնի չէ, թե որքանով է անձը պաշտպանված կրկին կորոնավիրուսով վարակվելու ռիսկից հակամարմինների թեստի դրական արդյունքի դեպքում։ 

Ի՞նչ կարգավորումներ կան դպրոցների և ուսումնական հաստատությունների համար

Հայաստանի ուսումնական հաստատություններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման համար պարտադիր է դառնում աշխատակիցների կա՛մ պատվաստված լինելը, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը։ Բացառություն են կազմում  կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները և հղիները: Նշենք նաև, որ աշխատողն իր հաշվին է հանձնելու պահանջվող թեստերը:

«Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստվելը կարևոր է»,- սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ 

Այսպիսով, պնդումը, թե հակամարմինների թեստի դրական պատասխանը կարող է բացառել պատվաստվելու կամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը, իրականությանը չի համապատասխանում։ Բացի այդ, հակամարմիններ ունենալը չի բացառում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:

Փաստերի ստուգման հարթակ