Խոշոր և շղթայական ավտովթար Երեւանում. բախվել է 6 մեքենա, կան վիրավորներ.Shamshyan

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բախման հետևանքով նշված հատվածում խցանում էր առաջացել և շնորհիվ օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների, երթևեկությունը կարգավորվեց և իսկ հետաքրքրասեր վարորդներն էլ՝ տեսնելով պարեկներին, մեքենաները չէին կայանում վթարի վայրում:

Երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի, քանի որ պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարներն ու պարեկները:

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: