ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ․ այն պիտի մնա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում․ ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգներն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին կրկին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ,  լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը»,- ընդգծել է դեսպանը։

Արձագանքելով երկու կողմերի հաշտեցմանը՝ Լին Թրեյսին նշել է, որ 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել․ «Կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում»։

Դեսպանը հիշեցրել է՝ Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշակի ջանքեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել են։ Հուսով ենք, որ բոլոր գերիները կվերադառնան»,- ասել է Լին Թրեյսին։