Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել.Factor

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ 5.5 տարի ազատազրկման դատապարտված Նարեկ Սարգսյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել դատարան: Վերաքննիչ ատյան է դիմել ինչպես Դատախազությունը, այնպես էլ պաշտպանական կողմը:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Ըստ ներկայացված բողոքի՝ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումը և Սարգսյանի պատժաչափն ավելացնել` սահմանելով 7 տարի ազատազրկում:

Պաշտպանական կողմը հակառակը՝ միջնորդում է ամբաստանվող անձին մեղսագրվող ապօրինի զենքի և թմրամիջոցների մասով քրեական հետապնդումը դադարեցնել և այդ մասով քրեական գործի վարույթը կարճել:

Ներկայացված բողոքները կքննի Ռուբեն Մխիթարյանը՝ դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Տիգրան Սահակյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։