Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են տարածաշրջանում ջանքերի համակարգման և ամրապնդման շուրջ

Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Կովկասում տիրող իրավիճակն ու իրենց շահագրգռվածությունը հայտնել ջանքերի համակարգման հարցում։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։

«Կովկասում իրավիճակի դիտարկման ժամանակ կողմերը շահագրգռվածություն են հայտնել այս տարածաշրջանում ջանքերի համակարգման և ամրապնդման հարցում», – ասված է հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել բելառուսա-լեհական սահմանին ճգնաժամի թուլացման հարցով։

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել միգրացիոն ճգնաժամը թուլացնելու, էներգամատակարարման ոլորտում լարվածության աճը կանխելու և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին մարդասիրական օգնության տրամադրման մեջ ներգրավելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ելիսեյան պալատից նաև հայտնել են, որ Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն հոսքերի վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահը խնդրել է իր ռուս գործընկերոջն օգտագործել ազդեցությունը Բելառուսի վրա՝ վերջ դնելու այս սուր հումանիտար ճգնաժամին։

Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարն իր խորը մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում իրավիճակի զարգացման կապակցությամբ։ Նա Ռուսաստանին կոչ է արել կառուցողական դեր խաղալ նորմանդական ձևաչափում և երկխոսության շուտափույթ վերսկսման հարցում՝ լարվածությունը նվազեցնելու համար։

Աղբյուր՝ Factor.am