Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հարգելի քաղաքացիներ, պետք է հնարավորինս հստակ ու մանրամասն հասկանալ թե ինչ է կատարվում։ Այսօր ադրբեջանական զորամիավորումները մարդկային ուժերով և զինտեխնիկայով հարձակում են գործել ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հենակետերի վրա։ Մեր զինվորները հարձակվողների կրակոցներին պատասխանել են կրակոցներով։

Այդ պահից մեկնարկել են մարտերը՝ միտված կանգնեցնելու ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ոտնձգություն կատարող զորամիավորումներին։ Ադրբեջանական կողմից միացել է նաև հրետանային աջակցությունը։ Բնականաբար տրվել է համարժեք պատասխան։ Խոցվել է թշնամական զրահատեխնիկա, ոչնչացվել մարդկային ուժ։

Հայկական կողմը, ցավոք ևս ունի զոհեր և վիրավորներ։ Ես և ՔՊ-ի մյուս գործընկերներս արդեն մի քանի ժամ է տարբեր ուղերձներ ենք հղում մեր միջազգային գործընկերներին, փորձում ենք հնարավորինս հստակ ներկայացնել իրավիճակը և Հայաստանի համար ինչ-որ դրական նոտաներ ստանալ ցանկացած ու բոլոր հնարավոր միջազգային հարթակում։ Սրան զուգահեռ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով։

Օրինակ Վահե Հակոբյանի ՝ «Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումը պիտի լինի» արտահայտությունը, ի հավելումն այսօր առավոտյան, մինչև մարտերի մեկնարկն Արծվիկ Մինասյանի արած՝ «Մի բան կա սպասում ենք դա էլ լինի, նոր խոսենք» արտահայտության, ու էդ ամեն ինչը իրենց սպասարկող մամուլի հատուկ վախ ու խուճապ տարածող սոուսով՝ ստիպում է փաստել, որ հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն և որ թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»։