Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը:

Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր: