Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները

Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը:

Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, ԱՀ Բժշկական օգնության և քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ԱՀ Հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը,  փորձագետ Գևորգ Մուրադյանը: Հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարը այն երեք հիմնական ուղղություններից մեկն է, որ որդեգրել է գերատեսչությունը:

«Պետք է հասկանանք, թե քաղցկեղի դեմ պայքարում ինչպես պետք է առաջ գնանք՝ սկսած կետային լուծումներց, մինչև ռազմավարական ուսումնասիրություններ, գլոբալ ներդրումներ, ինչպես նաև կազմել ռազմավարություն քաղցկեղի դեմ պայքարում: Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում մանկական քաղցկեղի դեմ պայքարում և կցանկանամ, որ մենք համագործակցենք և աշխատանքը միաժամանակ ընթանա, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Աննա Հակոբյանն էլ, կարևորելով համագործակցությունը, շեշտել է, որ միայն անընդհատ  աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել լավ արդյունքի: «Քաղցկեղն այնքան բարդ ոլորտ է, որ չենք կարող այն պետության ուսերին թողնել և մեր մոտեցումն այն է, որ  ես՝ որպես վարչապետի պաշտոնակատարի տիկին, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստ եմ աջակցել և պատրաստ եմ նաև հանձնարարություններ ստանալ և կատարել ի նպաստ քաղցկեղի դեմ պայքարի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Գևորգ Թամամյանը ներկայացրել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները, տարբեր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու նաև նշել այն ուղղությունները, որոնց շուրջ հիմնադրամը նախատեսում է աշխատել առաջիկայում:

Հանդիպման ավարտին կողմերը, հետագա համագործակցությունը շարունակելու նկատառումով, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: