Միջանցք տրամադրելու նախադեպերը․ եզրույթը՝ իրավական ու քաղաքական տեսանկյունից․ FIP.am

44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանից պահանջում է տրամադրել միջանցք, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմից հայտարարել է նաև միջանցքը ուժով բացելու մտադրության մասին: Մասնավորապես, 2021 թվականին AzTV-ին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ միջանցքի ստեղծումը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին և այն կբացվի՝ անկախ նրանից՝ Հայաստանը ուզու՞մ է դա, թե՞ ոչ.  «Եթե Հայաստանը ուզում է, մենք ավելի հեշտ կլուծենք հարցը, եթե ոչ՝ մենք կանենք դա ուժով»,— ասել է Ալիևը:

Սրանից հետո ևս Ադրբեջանը պարբերաբար վերադառնում է այս թեմային՝ ուղղակի կամ անուղղակի սպառնալով Հայաստանին:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ նշանակություն ունի միջանցք եզրույթը իրավական և քաղաքական տեսանկյունից, ինչ նախադեպեր են եղել, ինչպես նաև անդրադարձել Լաչինի և Մեղրիի միջանցքների քննարկումներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շրջանակում:

Պատմական ակնարկ․ Լեհական, Վահանյան միջանցքներ

Պատմության մեջ այլ պետությանը միջանցք տրամադրելու դեպք եղել է։ 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագրով Լեհաստանը ստացավ միջանցք, որը ելք էր տալիս դեպի Բալթիկ ծով։ Դեպի Բալթիկ ծով մուտք ունենալը ակտիվացնելու էր ծովային առևտուրը։ Լեհական միջանցքը, որը հայտնի է նաև Դանցինգի միջանցք անվանումով, գտնվում էր Գերմանիայի տարածքում և բաժանում էր Գերմանիան Արևելյան Պրուսիայից։ Լեհական միջանցքը վիճելի տարածք էր, որը 10-րդ դարից եղել էր Լեհաստանի կազմում, սակայն 1772-ին գրավվել էր Պրուսիայի կողմից։ Լեհական միջանցքի շրջանում ապրել են լեհեր, գերմանացիներ և հրեաներ։ Միջանցքը կիսաինքնավար էր և վերահսկվում էր Ազգերի լիգայի (համարժեք է ներկայիս Միավորված ազգերի կազմակերպությանը) կողմից։ Ավելի ուշ արդեն նացիստական Գերմանիան պահանջել է իրեն տրամադրել միջանցքը։ Լեհական կառավարությունը չի կատարել Գերմանիայի պահանջը, ինչը Գերմանիայի համար դարձել է Լեհաստանի վրա հարձակման պատրվակ։ 1939-ին գերմանական զորքերը ներխուժեցին Լեհական միջանցք, իսկ այնտեղից արդեն՝ Լեհաստան։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Լեհական միջանցքը և Դանցինգ (ներկայիս Գդանսկ) քաղաքն ամբողջովին անցան Լեհաստանին։

քարտեզը՝ alchetron.com-ի

Լաչինի միջանցք

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապն ապահովող միակ ճանապարհը 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքն է։

Մինչև պատերազմը հակամարտության կարգավորման տարբերակներում բազմիցս քննարկվել է Լաչինի շրջանի հարցը։

Քարտեզը՝ aliqmedia.am

Այսպես, 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման փուլային տարբերակ, որով նախատեսվում էր Լաչինի միջանցքը հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ՝ պայմանով, որ այն օգտագործվելու է միայն ԼՂ իշխանությունների կողմից։ 

Արդեն 1998-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման տարբերակներում առաջ քաշված ընդհանուր պետության տարբերակի համաձայն՝ Լաչինի շրջանը մշտապես պետք է մնար լիովին ապառազմականացված գոտի: 

Ավելի ուշ՝ 2001 թվականին, Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի` Քի Վեստ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ևս քննարկումներ են եղել Մեղրիի ու Լաչինի վերաբերյալ։ Ըստ Քի Վեստի տարբերակի՝ Արցախը Լաչինի 20 կմ լայնությամբ միջանցքով միացվելու էր Հայաստանին, փոխարենը Նախիջևանն Արաքսի ափով՝ Մեղրիի շրջանում, կապ էր ստանալու Ադրբեջանի հետ։ 

2000-ականներին արդեն քննարկվող Մադրիդյան սկզբունքներով չէր հստակեցվում, թե որ միջանցքի մասին է խոսքը, սակայն նշվում էր, որ միջանցքը պետք է կապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի het։ Միջանցքը լինելու էր ԼՂ ժամանակավոր վերահսկողության տակ՝ մինչև իրավական կարգավիճակի հստակեցումը։

2011-ին Կազանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկվեց մի փաստաթուղթ, որը գրեթե նույնությամբ կրկնում էր 1997-ի փուլային առաջարկը։ Ըստ այս առաջարկի՝ Լաչինը ստանալու էր ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ։ Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, Լաչինի միջանցքը գտնվելու էր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ։ Թե ի՞նչ կարգավիճակ էր ունենալու Լաչինի միջանցքը՝ չէր հստակեցվում:

Մեղրիի միջանցք

Ինչպես արդեն նշեցինք, 2001-ին Քի Վեստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Մեղրիով ճանապարհ/միջանցք բացելու տարբերակը։

Այդ տարբերակը հետևյալն էր․ հայկական կողմին էր տրամադրվում Լաչինի միջանցքը, որը միացնելու էր Հայաստանն ու Արցախը: Ըստ այս տարբերակի, հայկական ուժերը դուրս էին գալու ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 7 շրջաններից՝ բացի միջանցքից, իսկ ադրբեջանական կողմը Մեղրիի շրջանում ստանալու էր սուվերեն անցում, որը կապելու էր Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Մեղրիի միջանցքն ունենալու էր 40 կմ երկարություն և 8 մ լայնություն։ Սկզբնական շրջանում քննարկվում էր էստակադայով Նախիջևանն ու Ադրբեջանն իրար կապելու տարբերակը։ Այնուհետև առաջարկվեց ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում, դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնելու էր գետնի վրա: 

Ե՛վ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հերքում են Մեղրիի շրջանը Լաչինի հետ փոխանակելու մասին տեղեկությունները: Ըստ նրանց՝ քննարկվել է միայն Մեղրիով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ տրամադրելու տարբերակը։

Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում, որոշ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ, նաև գրել է (էջ 382), որ ինքն ու Ալիևը «ընդհանուր առմամբ՝ բավական մոտեցել էին այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի մաս՝ մեր կողմից զբաղեցրած տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները»։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունում Մեղրիի միջանցքը չի հիշատակվում

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում էոր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար»:

Հայտարարության մեջ որևէ կերպ չի հստակեցվում, թե ինչպես պետք է տրանսպորտային հաղորդակցությունն իրականացվի, չկա որևէ հիշատակություն Մեղրիով կամ Սյունիքի այլ հատվածով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին: 

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա հայտարարության մեջ նշվում է, որ Շուշի քաղաքը շրջանցող միջանցքը մնում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորելու է քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ կողմերի ընդունած եռակողմ հայտարարության մեջ նշվում է տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին, սակայն այս դեպքում նույնպես չի կիրառվում միջանցք եզրույթը։ 

Կա՞ արդյոք միջանցքի տրամադրման որևէ կոնցեպտ միջազգային իրավունքում

Մասնագիտական աղբյուրներում չկա որևէ սահմանում, թե ինչ է «միջանցքը»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային իրավունքում չկա նման հասկացություն։

«Միջազգային իրավունքում չկա մի իրավիճակ, որ մի պետությունը պարտադրի ուրիշ պետության իր տարածքի մի հատվածն իրեն տրամադրել, որ կարողանա ներսուդուրս անել ոնց ուզում է։ Դա մի ոլորտ չէ, որ միջազգային իրավունքն ինչ-որ ֆիքսված բաներ ունենա, կողմերն ինչպես պայմանավորվում են, այդպես էլ լինում է»,- նշում է Գևորգյանը։ 

Գևորգյանի խոսքով՝ ճանապարհ տրամադրելու խնդիրը ևս կարգավորվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ․ «Պետությունները կարող են պայմանագիր կնքել ազատ տեղաշարժի վերաբերյալ, որի համաձայն՝ երկու պետության քաղաքացիները կարող են ազատ ելումուտ են անել մյուս պետության տարածքով, կարող են, օրինակ, որոշել, որ ելումուտը արվելու է վճարովի կամ անձնագրային վերահսկողությամբ, այսինքն բացառապես պետությունների փոխադարձ համաձայնության և պայմանավորվածության խնդիր է»։

Ինչ վերաբերում է Լեհական միջանցքի օրինակին, ապա Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ տվյալ  նախադեպը տեղին չէ զուտ այն տեսանկյունից, որ 20-րդ դարասկզբին լրիվ ուրիշ միջազգային իրավական համակարգ է գործել՝ ուժի գործադրման ազատություն է եղել, ու ուժի գործադրման միջոցով պետությունները կարողացել են պարտադրել ինչ-որ զիջումներ ու լուծումներ։

Այսպիսով, Ադրբեջանին միջանցք տալու հիշատակում առհասարակ չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Ավելին՝ միջազգային իրավունքում միջանցքի տրամադրման կոնցեպտ գոյություն չունի։ 

Փաստերի ստուգման հարթակ