Սահմանազատմանը, սահմանագծմանը դեմ չենք, բայց դրա համար պետք է պայմաններ լինեն. Սեյրան Օհանյան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խաղաղությանը, սահմանազատմանը, սահմանագծմանը դեմ չէ, սակայն դրա համար համապատասխան պայմանների կարիք է տեսնում՝ շեշտելով, որ հիմա Ադրբեջանի սադրանքները խարխլում են խաղաղության վիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը:

Խմբակցությունը մեկ անգամ արդեն առաջարկել էր այդ հայտարարության նախագիծը, հիմա արտահերթ ընթացակարգով նույն հայտարարությունը ներառել է նիստի օրակարգ:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Հաշվի առնելով այն, որ այս հարցը նիստերի օրակարգ չմտավ, մենք առաջարկում ենք արտահերթ նիստ անցկացնել դեկտեմբերի 15-ին»:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, դեռ ավելին՝ ՀՀ սահմաններում սադրանքներ է իրականացնում: «Եվ այդ սադրանքները խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մենք մտածել էինք:

Եվ այս պայմաններում այսպես հապճեպ, արագ սահմանազատման, սահմանագծման գնալը և Արցախի ճակատագիրը հարվածի տակ դնելը անընդունելի ենք համարում: Մենք խաղաղությանը, սահմանագծմանը, սահմանազատմանը դեմ չենք, բայց դրա համար պայմաններ պետք է լինեն»,-ասաց Օհանյանը:

Հայտարարությամբ խմբակցությունը դատապարտել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունները, իրենց պարտավորությունները չկատարելը: Հայտարարությամբ նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԱԺ-ն, որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող, պահանջում է, որ արտահերթ նիստ անցկացվի, գործադիրը գա ԱԺ, ներկայացնի իրավիճակը և հաշվետվությունը:

Հայտարարությունում շեշտվում է, որ ոչ ոք չի կարող բանավոր և գրավոր ներկայանել այնպիսի համաձայնություններ, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրությունը: Օհանյանը չի համարում, թե այդ ձևակերպումն անվստահություն հայտնել է կառավարությանը, այլ պարզապես ԱԺ-ում կառավարության հաշվետվության կոչ:

«Մենք պահանջում ենք, որ արագ տեմպերով քայլեր իրականացվեն՝ բանակի վերականգնման, անվտանգության համակարգի արագ ձևավորման, սահմաններում պաշտպանության իրականացման ուղղությամբ, նաև հստակեցնել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները»,- ասաց Օհանյանը: