«Զարմացած չեմ, Գուրգեն Խաչատրյանը պետք է փախչեր, տպավորություն ունեմ, որ իշխանությունները որոշակի խոստում են տվել». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

– Տիկին Կարապետյանց, ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, հետախուզման մեջ է և թաքնվում է քննությունից, մինչդեռ մի քանի օր առաջ նա Հայաստանում էր, ակտիվ հայտարարություններ էր տարածում, հարցազրույցներ տալիս։ Ինչպե՞ս այսպես ստացվեց, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

– Անկեղծ ասած, զարմանալի էլ չէ ստեղծված իրավիճակը, և այն, ինչ կատարվում է իրավապահ մարմիններում, ես արդեն լուրջ չեմ ընդունում։ Կատարվող քայլերը, ստեղծված իրավիճակն այլևս չունի բացատրություն։ Զարմացած չեմ։ Գուրգեն Խաչատրյանը պետք է փախչեր։ 

Ուղղակի մտածում էի՝ եթե ինքնաթիռներ չկան, Ռուսաստանը չի ընդունում, ո՞ւր պետք է փախչեր Գուրգեն Խաչատրյանը։ Նա պետք է ճողոպրեր, որովհետև որևէ նախկին պաշտոնյա, նրանց զավակներ, նրանց մտերիմներ՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ 

Սա հենց թավիշի արդյունք է, սրանք բոլոր այն մարմիններն են, որոնք պարտավոր էին նախկինում հանցագործությունները կանխեին, բացահայտեին։ 

Հիմա այդ նույն մարմինները ստիպված են բացահայտել այդ նույն հանցագործությունները, բայց չէ՞ որ հին հայկական խոսքն ասում է՝ շունը շան թաթ չի կծում։ Տպավորություն ունեմ, որ գործող իշխանությունները որոշակի խոստում են տվել։ 

– Ո՞ւմ է խոստում տրվել, Գագիկ Խաչատրյանի՞ն․․․

– Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանն այս պարագայում շատ փոքր ֆիգուր է, ենթադրում եմ, որ խոստացել են, օրինակ՝ Սերժ Սարգսյանին, ինչու ոչ, որովհետև Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու յուրայինները պատասխանատվության չեն ենթարկվում։ 

Դա փաստ է։ 

Մենք տեսնում ենք մանր-մունր դրվագներ․ գլխավոր դատախազը հայտարարում է, թե հարուցվել են հարյուրավոր քրեական գործեր, բայց ես համոզված եմ, որ որևէ մեկը այդ գործերով պատասխանատվության չի ենթարկվելու։ 

Ավելին, կարծում եմ, որ այդ գործերը ձգձգելով ինչ-որ պահի մենք ունենալու ենք ժամկետանց գործեր։ Ամեն ինչ արվում է, որ այդ անձինք պատասխանատվության չենթարկվեն։

– Եթե ենթադրենք ձեր ասածն է, այդ դեպքում ինչի՞ դիմաց է նման խոստում տրվել։

– Հեռանալու, իշխանությունը հանձնելու։ Գիտեք՝ բոլոր հեղափոխություններից հետո կարող են լինել պայմանավորվածություններ։ Շատ լիդերներ չեն հեռանում իշխանությունից այնքան ժամանակ, քանի դեռ իրենց երաշխիքներ չեն տրվել, քանի դեռ, ասենք՝ Քադաֆիի օրը չեն գցել։ 

Էդպիսի պայմանավորվածություն կարող է տեղի ունենալ, և դրա մեջ վատ, սարսափելի բան չեմ տեսնում։ Բայց այն, ինչ տեղի է ունենում վերջին երկու տարիների ընթացքում և հատկապես հիմա, իմ մոտ շատ մեծ անհանգստություն է առաջացնում, և ես կարծում եմ՝ դատական, իրավական համակարգում որևէ փոփոխություն չանելը նշանակում է միայն մեկ բան՝ խոստումը շատ ավելի մեծ է եղել, կամ ուղղակի վերահսկողությունից դուրս է եկել իրավիճակը, և իրավական համակարգը առհասարակ չի ենթարկվում իշխանություններին։ 

Իրավական համակարգը, որի մեջ են՝ դատախազությունը, ոստիկանությունը, քննչականը, համահունչ չէ հեղափոխության տրամաբանությանը, կամ գուցե կա գործոն, որի մասին մենք չգիտենք։ 

Ես, անկեղծ, մեծ ցավով եմ այդ մասին խոսում։ Ես այն մարդկանցից եմ եղել, որ ոչ միայն մասնակցել եմ հեղափոխությանը, այլ նաև պատրաստ եմ եղել աջակցել, որ հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասնի։

– Հիմա հիասթափվածների թվո՞ւմ եք։

– Չէ, ես վարչապետի հրապարակած հիասթափվածների ցանկում չկամ։ Իմ շրջապատում շատ-շատերին չեմ տեսնում ես այդ շարքում, վստահաբար ասում եմ՝ կան մեծ խումբ մարդիկ, ովքեր պատրաստ են եղել անշահախնդիր աջակցել հեղափոխությանը, չեն հավակնել որևէ պաշտոնի, չեն ունեցել որևէ շահագրգռվածություն և այլն։ 

Մենք պատրաստ ենք անկեղծ օգնելու ճիշտ ճանապարհով ընթանալու, բայց այդ մարդկանց մերժեցին ուղղակի, ինչպես ժամանակին մերժեցին Սերժ Սարգսյանին։

– Լավ, ինչպե՞ս կարող էր Գուրգեն Խաչատրյանը փախչել երկրից, գուցե հենց Հայաստանո՞ւմ է։

– Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանը լքած բոլոր նախկին պաշտոնյաները, առանցքային մեղադրյալները ՀՀ տարածքը լքել են իրավապահ մարմինների բարձր հովանու ներքո։ Վստահ եմ դրանում։ Առնվազն այն փաստը, որ եղել է ինֆորմացիայի արտահոսք, նրանք իմացել են նախապես, որ հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո իրենց վերաբերյալ պետք է մտնեն դատարան ու կալանքի միջնորդություն ներկայացնեն, դա նշանակում է, որ այդ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է եղել։ Չեմ բացառում կոռուպցիան՝ նրանց ճանապարհելու, թաքցնելու համար։ Իհարկե, նա կարող է նաև Հայաստանում գտնվել, ուղղակի նրան առանձնապես չեն էլ փնտրում։

– Կան տեսակետներ, որ Խաչատրյանների նկատմամբ հարոցված քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն։ Հիմքեր կա՞ն նման հայտարարությունների համար, ինչ եք կարծում։

– Քրեական գործերի մանրամասներին ծանոթ չեմ, հետևաբար կդժվարանամ որևէ բան ասել այդ կապակցությամբ․․․

– Բիզնեսը խլելու մասին է նաև խոսվում։

– Տեսեք՝ որևէ մեկը մեզանից չգիտի, թե քրեական գործում ինչպիսի նյութեր կան․ մենք գիտենք մեկ կամ երկու գործողությունների մասին, լսել ենք որոշ հայտարարություններ։ 

Մնացած նյութերի մասին, քանի որ քրեական գործի նախաքննությունը փակ փուլում է ընթանում, մանրամասներ չգիտենք։ Կդժվարանամ նման բան ասել։ Վստահաբար, եթե որևէ անձի նկատմամբ լինի քաղաքական հետապնդում, մենք որևէ խնդիր չենք տեսնում, կաշկանդված չենք՝ հայտարարել այդ մասին, որովհետև, ի վերջո, բոլորս պայքարել ենք, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չլինեն։ Ես ինքս կաշկանդված չեմ, ուղղակի այս փուլում չունեմ բավարար տեղեկատվություն։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am