Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության եւ իշխանության համար կռվախնձոր դարձած «Ազատության» հրապարակում շարունակում է հացադուլը, շատ վերլուծաբաններ համոզված են, որ նման քայլերով «Ժառանգությունը» փորձում է հասարակության ուշադրությունը գրավել:
«Հասարակությունը խորապես դժգոհության մեջ է: Եվ մի քանի խողովակների միջոցով արտահայտում է իր բողոքը` դա կլինի «Բարգավաճ Հայաստանը», դա կլինի ՀԱԿ-ը… Բնականաբար, «Ժառանգությունն» ուզում է այս խողովակներից մեկը լինել»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Մարտի 15-ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հացադուլ է սկսում:
«Ոչ միայն բարոյական, այլ իրական հաղթանակ: Եվ այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության զանգով»,-հայտարարել է Հովհաննիսյանը` իր անժամկետ հացադուլն անվանելով «Ծոմ ազատության»:
նդդիմադիր գործչի հացադուլը մեծ աղմուկ առաջացրեց երկրի քաղաքական դաշտում: Նրան այցելեցին ՀԺԿ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու Ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Սա նշան էր, որ ընդդիմադիր մյուս ուժերը սատարում են Հովհաննիսյանին:
«Սարդարապատ» շարժումը նույնպես շտապեց սատարել «Ժառանգության» հիմնադրին : Շարժման տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի վճռական և խիզախ այս քայլը, որը կարող է դառնալ ռեժիմից ազատագրվելու և հայ ժողովրդի միասնության ու համախմբման իրական սկիզբ»:
Այդուհանդերձ բոլորը չէին, որ ոգևորվեցին ընդդիմադիր գործչի այս քայլից: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մասնավորապես ասել էր, որ հացադուլ անելով «Ժառանգության» հիմնադիրը «պարզապես հաճելին համատեղում է օգտակարի հետ»: Սա վիրավորել էր կուսակցության անդամներին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով Ազգային ժողովի փոխնախագահի խոսքը, ասել է.
«Ի գիտություն նմանների ուզում եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել նաև Հայաստանի բոլոր սովածների համար, բոլոր կուշտերի անունից: Հաշվի առնելով, որ այդպիսիների ստամոքսը չափից դուրս մեծ կախվածություն ունի ոչ միայն ուտելիքից, այլ նաև հարկատուների հաշվին պահվող հատկացումներից, հրավիրում ենք նրան հացադուլի վայր` փորձել գեթ մեկ օր անցկացնել այդ ցրտի, անմարդկային պայմաններում»:
Փորձագետների կարծիքով, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նպատակներն այնուամենայնիվ լրիվ այլ են:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` «Ժառանգությունը» փորձում է իր դերը հաստատել Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում:
«Խնդիրն այն է, որ կոալիցիայի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանում քաղաքական բևեռացումն ուժեղացավ, և ընդդիմությունը բևեռացավ ՀԱԿ-ում: Սա քաղաքական շատ ուժերի համար շահեկան չէր: «Ժառանգությունն» էլ, որպեսզի կարողանա դուրս գալ իր համար անորոշ այս վիճակից, փորձում է ոչ ստանդարտ քայլերի դիմել, որպեսզի հասարակության ուշադրությունը գրավի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:
Անկախ վերլուծաբանի կարծիքով, սակայն, ՀԱԿ-ը, որն այսօր մոնոպոլիստի դերում է հանրահավաքներ կազմակերպելու առումով, դժվար թե ուզի «Ժառանգության» հետ կիսել բողոքի ցույցեր անցկացնելու իր մենաշնորհը:
Երվանդ Բոզոյանն ասում է, որ ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» միացումը հնարավոր է, սակայն միայն փոքր եղբոր կարգավիճակով:
Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այնպիսի տպավորություն ունի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես որոշել և վեր է կացել ու եկել հացադուլի, քանի որ քաղաքական գործիչը ոչ մի որոշակի խնդրի մասին չի խոսել:
«Բայց եթե ավելի գլոբալ նայենք, թե ի´նչ արդյունքի նա հասավ, դա փաստորեն ոչ անմիջական կոչ էր` գալ, Ազատության հրապարակում վերսկսել բողոքի ակցիաները: Իմ տպավորությամբ` ընդդիմությունը հիմա պայքարում է ոչ թե իշխանության, այլ Ազատության հրապարակի համար, որտեղից, ըստ նրանց, կլինի իշխանափոխությունը»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Վերլուծաբանը նաև կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը կարող է ինչ-որ կերպ համաձայնեցված լինել ԱՄՆ դեսպանության հետ:
«Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլն այնուամենայնիվ ինչ-որ կերպ կարելի է կապել Հայաստանում Ամերիկայի դեսպանի վերջին ելույթների հետ, որտեղ նա կոչ էր անում հայ ուսանողներին քաղաքացիական հասարակություն ձևավորել և այլն և այլն»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am