Արծվիկ Մինասյանը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության սկսման հարցում ռիսկեր է տեսնում

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Հայաստանի և Թուրքիայի երկխոսության սկսման հարցում ռիսկեր, վտանգներ է տեսնում, համարում, որ դա Հայաստանի ազգային նպատակներին չի ծառայելու:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայելու:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն դեմ է Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, Մինասյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմիցս է ասել, որ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը դեմ չէ, իսկ ինչ վերաբերում է բարիդրացիական հարաբերություններին, ապա Մինասյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞ւմ հետ բարիդրացիություն:

«Մի պետությա՞ն, մի իշխանությա՞ն, որը ցանկանում է ոչնչացնե՞լ քեզ: Նրա հետ ի՞նչ բարիդրացիություն:

Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես: Առանց մեր ազգային իրավունքները հարգելու, պաշտպանելու, առանց մեր ազգին պատուհասած արհավիրքների հետևանքները վերացնելու, ի՞նչ բարիդրացիական»,-ասաց պատգամավորը:

Նա հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ էին Թուրքիան և Ադրբեջանը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը հրաժարվում առանց նախապայմանների երկխոսությունից: Ըստ նրա՝ թուրքական կողմը նախապայմանների մի մասը համարում է չեզոքացված, ոչնչացված, իսկ մի նախապայմանը Արցախի հարցի փակումը, վերացումն է: 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: ԱԳՆ-ն այս առումով դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի: