Չավուշօղլու. «Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ավիաընկերությունները կիրականացնեն Երևան-Ստամբուլ չվերթները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ունեցած հանդիպումներին հաջորդած ասուլի ժամանակ  խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված նախաձեռնության մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում ու ավելացրել. «Հատկապես կարևոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաև ցույց է տալիս մեր և Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել տարածաշրջանում այնպիսի համատեղ նախագծեր, որոնք կբերեն խաղաղություն, կայունություն և տնտեսական վերելք: Նա այս համատեքստում խոսել է Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթների վերանկանգնման մասին՝ տեղեկացնելով, որ Ստամբուլ-Երևան թռիչքների իրականացման համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ: 

«Դրանք (դիմումները-խմբ.) ուսումնասիրվում են մեր Տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի կողմից: Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել».- ասել է Չավուշօղլուն:

Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությանն ու հանգստությանը միտված կարևոր քայլեր կանի։