«Քոչարյանի համար այլևս ուշ է, ստատուսներ գնելն ու ֆեյքերի պատերազմը ուղղակի միջոցների վատնում են». Ստյոպա Սաֆարյան

«Քոչարյանի համար այլևս ուշ է, ստատուսներ գնելն ու ֆեյքերի պատերազմը ուղղակի միջոցների վատնում են». Ստյոպա Սաֆարյան
«Քոչարյանի համար այլևս ուշ է, ստատուսներ գնելն ու ֆեյքերի պատերազմը ուղղակի միջոցների վատնում են». Ստյոպա Սաֆարյան

Հանրային կարծիքի ձևավորման համար այսօր շատ լուրջ պայքար է գնում սոցիալական ցանցերում։

«Մեդիալաբի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո ակտիվացած ներքին տեղեկատվական պատերազմին, որն իրականացվում է ստատուսագիրների և ֆեյքերի միջոցով:

«Քոչարյանի տապալված ասուլիսը ցույց տվեց, որ վերջապես հասկացան՝ հասարակության մեջ հեղինակություն չունեն, հանրային կարծիքն իրենց օգտին չէ։ Իհարկե, մեկ անգամ Քոչարյանի խոսնակը հասցրել էր ասել, թե տասը տարիների ընթացքում Քոչարյանի մասին վատը մեխվել է հասարակության ուղեղում, բայց ես կարծում եմ, պատճառն ամենևին այն չէ, որ հասարակությունը ուղղակի այդքան անառողջ է և փնովում է Քոչարյանին: Քոչարյանն իր վարքագծով և առավել ևս արտահայտած ցնցող մտքերով ուղղակի ավելի է գրգռել հանրությանը»։

 Նախ հանցագործությունների չբացահայտվածությունը, Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, հիմք է տվել հասարակության կողմից մեղադրանքի սլաքն ուղղել դեպի Քոչարյանը, բացի այդ՝ բոլորն են հիշում նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումը այն մասին, որ Քոչարյանը մեղքի զգացում չունի:

 «Նման բաները, իհարկե, չեն կարող դրական իմիջ ձևավորել նրա շուրջ, և եթե ուրիշ ոչինչ էլ չլիներ, միայն որպես այդ ժամանակաշրջանի երկրի ղեկավար՝ուղղակի կրում էր տեղի ունեցածի համար պատասխանատվություն, այդքանով հանդերձ հայտարարել, թե ես որևէ մեղքի զգացողություն չունեմ, որ տասը մարդ է մահացել, կներեք, սա բարոյականության սահմաններից անդին է։ Եվ ահա այսպիսի վերաբերմունքից հետո, երբ հանրային կարծիքը կրկին ալեկոծվեց և ասուլիսը տապալվեց, նաև հասկացան, որ իսկապես տանուլ են տվել հանրային կարծիքի դաշտում։ Այժմ փորձ է արվում ստատուսներ գնելով, ուղղակի ֆեյքերի պատերազմով, ֆեյքերին ասպարեզ բերելով գրոհել սոցիալական ցանցերում, բայց ապարդյուն է։ Սա ուղղակի միջոցների վատնում է, որովհետև այլևս ուշ է Քոչարյանի համար ստեղծել որևէ դրական իմիջ»,-սաց նա։

Նա նաև նշեց, որ իհարկե, տեսանելի է, որ տեղեկատվական պատերազմում  փորձ է արվում ուշադրությունը շեղել «Մարտի 1»-ից ու դրա համար պատասխանատվությունից և կենտրոնանալ Քոչարյանի պաշտոնավարման տարիների վրա, այն ներկայացնել որպես տնտեսական աճի տարիներ ևայլն, այսինքն փորձ է արվում բացարձակապես այլ ժամանակահատվածի վրա կենտրոնացնել ուշադրությունը, այն դեպքում, երբ օրակարգում «Մարտի 1»-ն է, սակայն սա նույնպես չի  կարող հաջողվել։

Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել էր այս խնդրին նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ գրելով. «Սրանք (քոչարյանենք) մենակ առնել գիտեն՝ մարդ, կուսակցություն, լրատվամիջոց, արդեն նույնիսկ ստատուս։ Նողկալի է։ Դուք երբեք չեք իմանա՝ ինչ բան է մարդկային, ժողովրդական, հայրենիքի սերը։ Դուք դրա համար չեք ծնվել ու դրա համար չեք ապրում»։

Մանե Հարությունյան

MediaLab