Հայաստանում բուժաշխատողների ավելի քան 90 տոկոսը պատվաստված է

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են բժիշկները, 43 տոկոսը կամ 3238-ը՝ բուժքույրերը, 12 տոկոսը կամ 893-ը՝ մայրապետները, այլ աշխատողները՝ 14 տոկոս կամ 1053:

Ընդ որում, Աբովյանի խոսքով՝ հիվանդացության բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես 2020թ.-ի հոկտեմբերին, որից հետո եղել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ, բնականաբար, բուժաշխատողների հիվանդացության ցուցանիշը բարձրացել է:

«Բուժաշխատողների 90.5 տոկոսը պատվաստված է, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում: Արձանագրված դեպքերում, հիմնականում, այդ բուժաշխատողները պատվաստված չեն լինում»,-ասաց Աբովյանը: