ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 30-ամյա բնակչի կողմից երկու տարբեր ընկերություններից առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը 2020թ. սեպտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, սոցիալական օգնություն տրամադրելու,  բուքմեյքերական առցանց խաղերով շահած գումարը ստանալու և այլ պատրվակներով, Սպիտակ քաղաքում ձեռք է բերել տարբեր քաղաքացիների դեմքի և անձնագրի լուսանկարները, որոնք առցանց եղանակով ուղարկել է բանկ և նրանց անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ կնքել է կեղծ պայմանագրեր: Տղամարդը վերոնշյալ քաղաքացիների անվամբ նշված պայմանագրերով ձևակերպել է անգրավ վարկեր, որոնք «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամա­րին:

«Բացի այդ, 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 30-ամյա տղամարդը նույն քաղաքում վերոնշյալ պատրվակներով ձեռք է բերել տարբեր քաղաքացիների «Իդրամ» վճարահաշվարկային համակարգի գաղտնաբառերը: Այնուհետև, վարկային կազմակերպությունից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, առանց վերջիններիս գիտության կամ թույլտվության, օգտագործելով  նշված վճարահաշվարկային համակարգում պահպանված՝ նրանց դեմքի և անձնագրի լուսա­նկարները, առցանց եղանակով դրանք ուղարկել է նշված կազմակերպություն: Նշված քաղաքացիների անվամբ լրացնելով վարկ ստանալու առցանց դիմում՝ տղամարդը կնքել է կեղծ պայմանագրեր, որոնցով վերջիննեիս անվամբ ձևակերպել է վարկեր, որոնք «Իդրամ» համակարգի միջոցով փոխանցել է իր անվամբ առկա հաշվեհամա­րին»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: