«Քանի որ Սոչիի զարգացումները որևէ կերպ չեն բխում Հայաստանի շահերից, մենք տեսնում ենք անհանգստություն մեր ղեկավարության մոտ». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

 – Պարո՛ն Նավասարդյան, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կպատասխանի Հանրային հեռուստաընկերության հարցերին։ Ինչո՞ւ, չնայած բազմաթիվ կոչերին ու հորդորներին, գործադիրի ղեկավարն այդպես էլ չի անցնում մամուլի ասուլիսի ավանդական ձևին։

– Պատճառները պարզ են․ հաղորդակցության օրակարգն ինքն է ուզում թելադրել, այլ ոչ թե արձագանքել այն հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանը, այսինքն՝ մենք տեսնում ենք վերջին ամիսներին, որ բացվում են այն տեղեկությունները, որոնք վաղուց իրականություն էին, բայց ինչ-որ մարտավարությունից ելնելով միանգամից չեն ներկայացվում, այլ մաս-մաս, միգուցե որպեսզի չառաջացնեն անհանգստության այն աստիճանը, որը կարող է բերել անկանխատեսելի զարգացումներ։

– Նիկոլ Փաշինյանի այսօրվա օրակարգը ո՞րն է լինելու։

– Կարծում եմ՝ դա լինելու է զարգացում Կառավարության նիստերի ժամանակ իր ելույթներին, այսինքն՝ փորձելու է ցույց տալ, որ մենք պետք է սպասենք տարբեր ագրեսիվ դրսևորումների մեր հարևանից։

– Ադրբեջանի գործողություններին նման գնահատական տալն ինչո՞վ եք պայմանավորում, որովհետև մինչ այժմ, գոնե իշխանության կողմից, հստակ գնահատականներ չեն հնչել։

– Դա պայմանավորում եմ Սոչիի հանդիպումով, ավելի շատ այդ հանդիպման հետ կապված անհրաժեշտություններով, որտեղ բավականին լուրջ ճնշում կար Արևմուտքից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, որպեսզի արագացնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը միանշանակ ձեռնտու չէր Ռուսաստանին, ու, կարծում եմ, չէր բխում Ադրբեջանի առաջնահերթություններից։

Փաստորեն Սոչիի հանդիպման ժամանակ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, թեև տարբեր մեխանիզմներով, համոզեցին, որ առճակատմանը այլընտրանք չկա, ու դրա հետ մեկտեղ և՛ մեկին, և՛ մյուսին տվեցին խոստումներ ու երաշխիքներ: Թե դրանք ինչպիսին են, դժվարանում եմ ասել, ամեն դեպքում, այնքան էլ վստահելի չեն Հայաստանի պարագայում։

– Պարո՛ն Նավասարդյան, Սոչիի հանդիպումը, ըստ ձեզ, նորություն պարունակո՞ւմ էր, որովհետև կարծիքներ հնչեցին, որ այդ հանդիպման ժամանակ ոչ մի նոր ու էական բան, ըստ էության, տեղի չունեցավ։

– Սոչիի հանդիպումը իր բովանդակությամբ ու հետևանքներով շատ ավելի ազդեցիկ դարձավ, քան դրան նախորդած ու հաջորդած հանդիպումները, քանի որ գոնե այս պահին ակնհայտ է, որ դա խաթարում է այն գործընթացը, որ նախաձեռնել էր Եվրամիությունը՝ մեջքին ունենալով նաև ԱՄՆ-ին, որին նաև ֆորմալ համաձայնել էին Հայաստանն ու Ադրբեջանը։

Այսօր տեսանելի է, որ քիչ հավանականություն կա, որ եվրոպական պլանն իրականացվելու է, իսկ հանդիպումը, թեև եռակողմ կոչվեց, բայց իրականում խոսակցությունն ընթանում էր առանձին երկկողմ ձևաչափերով, ու եռակողմն անհրաժեշտ էր, որպեսզի լինի ֆորմալ հայտարարություն երեք կողմի ստորագրությամբ։

– Իսկ ռուսական տարբերակի կյանքի կոչման հավանականությունը որքա՞ն է։

– Ռուսաստանի թուլացած լինելը միայն ենթադրում է, որ նա չի կարող հեռուն գնացող պլաններ կազմել, բայց իրավիճակային լուծումներով ինքը հետաքրքրվում է ու պահպանում է որոշակի լծակներ՝ իրավիճակային լուծումներին հասնելու համար։

Տվյալ փուլում հիմնական հարցը, որը հետաքրքրում է Ադրբեջանին, իր վերահսկողության վերականգնումն է Արցախի վրա, ու, կարծում եմ՝ այս մասով Ռուսաստանը որոշակի խոստումներ է տվել Ադրբեջանին: Ամենաքիչը դա կարող է լինել համատեղ սահմանային անցակետը Հայաստանից Լաչինի միջանցք մտնելու հատվածում, այսինքն՝ ռուսական խաղաղապահների հետ միասին վերահսկողություն իրականացնեն նաև ադրբեջանցիները, ինչը կսահմանափակի մարդկանց ու բեռների տեղափոխումը Հայաստանից Արցախ։

Ռուսաստանի շահը առաջին հերթին կապված է Մեղրիի ճանապարհի հետ, որի վերահսկողությունն ուզում է ինքն իրականացնել։ Բնականաբար, Ռուսաստանը չունի երաշխիքներ, որ այդ վերահսկողությունը հավերժ կարող է իրականացնել, բայց ժամանակավոր լուծման համար իրեն բավարարում է։

Հայաստանին միգուցե խոստացել են, որ սահմաններին լուրջ միջադեպեր չեն լինելու։ Սա իմ ենթադրությունն է, բայց քանի որ այդ զարգացումները որևէ կերպ չեն բխում Հայաստանի շահերից, մենք տեսնում ենք անհանգստություն մեր ղեկավարության մոտ։

– Այլընտրանք ունի՞ Հայաստանի իշխանությունը։

– Այլընտրանք կարող է լինել Արևմուտքի հետագա ակտիվացումը՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության, բայց առայժմ տեսնում ենք, որ վերջնական որոշում չկա։ ԱՄՆ-ի պարագայում երևի կապված է ընտրությունների հետ՝ Կոնգրեսի ու Սենատի, վերջնական արդյունքներից հետո պարզ կլինի՝ ԱՄՆ-ն ինչպիսի ակտիվություն կցուցաբերի, իսկ Եվրամիությունը նախ՝ իր ներսում չունի միասնություն և դեռ չի գույքագրել իր ազդեցության ռեսուրսները:

Երևի այդ հարցը կարգավորելուց հետո կորոշեն՝ ակտիվության նշաններ ցույց տալ, թե՞ ոչ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am