«Երբ սկսեցին խոսել Սահմանադրական դատարանի մյուս անդամները, ես հիասթափություն ապրեցի». Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայանը («Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարոն Բաբայան, Սահմանադրության փոփոխություններով իշխանությունը փորձում է լուծում տալ Սահմանադրական դատարանի խնդրին։ ՍԴ նախագահն ու դատավորների մի մասը, սակայն, իշխանություններին հորդորում են դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից։ Ինչո՞ւ չեն ուզում նրանք հեռանալ, և ի՞նչ սպասել այս փոփոխություններից։

– Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն ուզում հեռանալ, իրենց պետք է հարցնել։ Ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի դատել, թե որքանով է իրավական Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը։ 

Սրա մասին պետք է խոսեն Սահմանադրության մասնագետները։ Ես պարզապես կուզեմ ասել, թե որպես քաղաքացի՝ ինչ կուզեմ ունենալ արդյունքում։ Իսկ թե ինչ ճանապարհով դրան կհասնեն, դա արդեն թող որոշեն նրանք, ովքեր ստանձնել են իշխանության թևերի տարանջատման այդ պարտականությունը։ 

Ես, կարծում եմ՝ նաև Հայաստանի բնակչության մեծ մասը, ուզում ենք ունենալ անկախ, միայն օրենքին ենթարկվող Սահմանադրական դատարան։ Եվ կարծում եմ՝ մենք մի քիչ շատ ենք կենտրոնանում կոնկրետ գործընթացների վրա, գնահատական ենք տալիս գործընթացներին, փոխանակ պահանջենք կոնկրետ ժամկետ, թե երբ ենք ունենալու նման դատարան։

Ես իմ մասնագիտության օրինակով եմ ուզում ասել՝ ձեզ բացարձակ չի հետաքրքրում, թե ես ինչպես եմ բեմադրում ներկայացումը։ Եվ որևէ մեկն իրավունք չունի քիթը խոթելու այն գործի մեջ, թե ես ինչպես եմ բեմադրում այդ ներկայացումը։ 

Բոլորին հետաքրքրում է, թե ես ինչպիսի ներկայացում կստանամ արդյունքում։ Արդյունքը շատ կարևոր է։ Եթե մենք այս ամբողջ գործընթացի արդյունքում չենք ունենալու անկախ Սահմանադրական դատարան, որն իսկապես կվայելի բնակչության գոնե մեծամասնության վստահությունը, ապա այս ամբողջ գործընթացը դառնալու է անիմաստ։ 

Եթե մենք ունենալու ենք այդ տեսակի դատարան, ամենակարևորը դա է։ Ասենք թե՝ 2021 թվականի հունվարի մեկին ունենալու ենք Սահմանադրական դատարան, որին մենք կվստահենք, որը չի ենթարկվի ոչ նախորդներին, ոչ ներկաներին, ոչ գալիք իշխանություններին։ 

Եվ այդ դատարանի յուրաքանչյուր որոշումը, անկախ նրանից, դա մեզ դուր կգա, թե ոչ, կընդունենք որպես հեղինակություն ունեցող պրոֆեսիոնալ և անկախ դատարան։ Եթե մեզ համար գործընթացն ավելի կարևոր է դառնում, քան արդյունքը, և մենք կոնկրետ չենք որոշում, թե երբ կունենանք այդ դատարանը, այստեղ բազմաթիվ քաղաքական մանիպուլյացիաների տեղ ենք տալիս։ Ինձ համար սա է կարևորը։

– Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ իշխանությունը Սահմանադրական դատարանում անձերի հարց է լուծում։ Նման միտում նկատելի՞ է։

– Իհարկե, այս ամբողջ գործընթացում իշխանությունը, ցավոք սրտի, շատ էր կենտրոնանում կոնկրետ մեկ անձի վրա, ինչը սխալ էր։ Երբ սկսեցին խոսել Սահմանադրական դատարանի մյուս անդամները, ես, ճիշտն ասած, հիասթափություն ապրեցի։ 

Ես հիմնավորումների մի քիչ ավելի բարձր մակարդակ էի սպասում, բայց խոսակցությունը տեղափոխվեց կենցաղային ոլորտ։ Ես կարծում եմ՝ այստեղ կա իշխանության մեղքը, չի կարելի կենտրոնանալ կոնկրետ մարդու վրա։ Անձը կարող է խանգարել, բայց խնդիրը Սահմանադրական դատարանն է։

Ես կարծում եմ՝ ևս մեկ կարևոր բան կա։ Երբ մենք շատ ենք կենտրոնանում ՍԴ նախագահի պաշտոնի վրա, դրանով կարծես արժեզրկում ենք ամբողջ Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ։ 

Եթե ամբողջ Սահմանադրական դատարանը պետք է գործի մեկ մարդու կամքով՝ ՍԴ նախագահի, դա արդեն Սահմանադրական դատարան չէ։ Ես կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա բավարար գիտելիքներ ու հեղինակություն, որպեսզի ներկայացնի Սահմանադրությունն այդ ինստիտուտում։ 

Եվ նույնիսկ, եթե նախագահը փորձում է կողմնակալություն դրսևորել, Սահմանադրական դատարանն իր անդամներով պետք է դեմ կանգնի դրան։ Այս պարագայում մենք ունենք հիմնարկ, երբ հիմնարկի տնօրենը լուծում է բոլոր հարցերը։ Եվ բոլորը պարզապես ենթարկվում են այդ հիմնարկի տնօրենին։ Ցավոք սրտի, այնպիսի տպավորություն է, որ եթե մենք փոխենք այդ հիմնարկի տնօրենին, ուրեմն կփոխվի ամբողջ հիմնարկի բնույթը։ 

Բայց այդպես չի լինում։ Կամ մենք ստանում ենք լիակատար նոր Սահմանադրական դատարան, կամ ոչ։ Եվ եկեք խոստովանենք, որ Սահմանադրական դատարանը մեզ մոտ 1996 թվականից հեղինակազրկվել է և մատը մատին էլ չի խփել, որ այդ հեղինակությունը վերականգնվի։ Նա խնդիր է ունեցել սպասարկել օրվա իշխանությանը, բազմաթիվ ընտրությունների արդյունքները դա են ցույց տալիս։

Շատ կարևոր մի բան կա՝ որևէ հիվանդություն բուժելու համար պետք է տալ ճիշտ ախտորոշում։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ մենք չունենք Սահմանադրական դատարան, որը կվայելեր հասարակության վստահությունը։ 

Հիմա փորձում են ասել՝ այսօր Սահմանադրական դատարանը փոխել է իր բնույթը։ Ճիշտն ասած՝ ես չեմ հավատում նման բաների։ Եկեք հիմա մենք որոշենք, թե ինչպես ենք ընտրելու ՍԴ նոր անդամներին, ինչ պահանջներ ենք դնելու, որպեսզի կարողանանք այդ ահավոր ձևով վարկաբեկված ինստիտուտը բերենք և դնենք ճիշտ վիճակի։ 

Հակառակ դեպքում մենք կունենանք միաբևեռ համակարգ, որտեղ դատարանը կկողմնորոշվի քաղաքականապես, ոչ թե իրավական տեսանկյունից։ Ես չեմ կարծում, որ քաղաքական նպատակահարմարությունները պետք է լինեն Սահմանադրական դատարանի գործունեության հիմքում։ Սահմանադրական դատարանը պետք է հեռու լինի քաղաքականությունից և զբաղվի միայն ու միայն օրենքի գերակայությամբ։

– Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ասաց, որ իշխանությունները ներգործություն չեն ունենում համակարգի վրա։ Սակայն միաժամանակ նշեց, որ պետք է պարզել՝ ովքե՞ր են այն դատավորները, որոնք այս օրերին փոխում են հայտնի անձանց խափանման միջոցները։ Արդյոք նման հայտարարություննե՞րն էլ միջամտություն չեն։

– Ինչ-որ չափով ամեն դեպքում ազդեցություն կա, եթե խոսում են այդ մասին։ Նույն ձևով կարելի է ասել՝ եկեք պարզենք՝ ովքեր են այն դատավորները, որոնք կալանքի թույլտվություն են տալիս։ 

Եթե մենք ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ, պետք է համակերպվենք դրան, ոչ թե պարզենք, քննենք, թե մեզ դուր չեկող ամեն որոշում որտեղից է գալիս։ Եկեք նայենք, թե ինչպես ենք ընտրելու դատավորներ, ինչպես ենք նշանակելու այդ դատավորներին, ինչ հատկանիշներ ու կենսագրություն պետք է ունենան, ինչ պահանջ ենք ներկայացնելու։ 

Եվ պետք է ընդունենք մի պարզ բան՝ դատարանի որոշումը չի կարող բավարարել բոլորին։ Հակառակ դեպքում դա դատարան չէ։ Դատարանի որոշումը պետք է բավարարի միայն ու միայն օրենքի պահանջները։

Կարծում եմ՝ ընդհանրապես պետք է բացառել ամեն տեսակի ճնշում դատարանի վրա՝ ում կողմից էլ լինի՝ իշխանություն, ընդդիմություն, ով ուզում է լինի։ Սա որոշումն է, համաձա՞յն ենք, լավ, եթե համաձայն չենք, կարող ենք բողոքարկել։ 

Փառք Աստծո, այսօր մենք հնարավորություն ունենք բողոքարկել մինչև Եվրադատարան։ Մենք ունեցանք խայտառակ որոշումներ, որոնք բեկանվեցին Եվրադատարանի կողմից։ Պատժվեցի՞ն դատավորները դրա համար։ Եկեք սրան ուշադրություն դարձնենք։ 

Պետք է որոշենք մեխանիզմները, մի պահից հայտարարենք, որ այսօր մենք ունենք անկախ դատարան։ Իհարկե, կլինեն կոռուպցիայի դեպքեր, դա բնական է, բայց մենք մի օր պետք է մեր ժողովրդին հայտարարենք, որ այլևս այսօրվանից դուք կարող եք վստահել դատական համակարգին։ Իսկ թե ինչ ճանապարհով եք դա ստեղծելու, հենց դրա համար էլ դուք իշխանություն եք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am