Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով խփել էր տուժածներին

Փետրվարի 2-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում մի խումբ պատանիների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով խփել է տուժածներին՝ պատճառելով վնասվածքներ: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։`