«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձի հետքերով․ հայտարարություն

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձի հետքերով․ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հայտարարությունը․

«Երեկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ օրերս կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով։

Դիտորդները հանդիպել են «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» բժշկական ստորաբաժանման ղեկավար Գ․ Գեժոյանի հետ, ինչպես նաև Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների գլխավոր մասնագետ, հոգեբան Ն․ Գրիգորյանի հետ։

❗Հիշեցնենք, որ 2022 թ. փետրվարի 6-ին, ժամը 13:00-13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը հեռախոսակապից օգտվելու պատրվակով անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է: Մինչև հեռախոսին հասնելը, հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել է պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (ուղղակի դիտավորությամբ կատարված սպանության հանցափորձ, որը չի հասցվել ավարտին) հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ»։